Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Հադրութի շրջանում շարունակվում են նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման, իսկ հայտնաբերված օջախներում՝ հակահամաճարակային վերահսկողական միջոցառումները։

Հունիսի 19-ի դրությամբ շրջանում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային վարակի 24 դեպք։ Գրանցված բոլոր դեպքերը միևնույն օջախից են։

— Շրջանում գրանցված դեպքերը հաշվի առնելով և հետագա տարածումը կանխելու նպատակով՝ COVID-19 հաստատված համայնքներում ԱՀ Պարետի որոշմամբ մտցվել են ժամանակավոր սահմանափակումներ։ ԱՀ ԱԻՊԾ Հադրութի ՇԱԻ բաժնի և «Դիզակշին» ՓԲԸ կողմից այդ համայնքներում կատարվել է ախտահանում: Ախտահանման աշխատանքներ են կատարվում նաև հաստատված օջախներում՝ Համաճարակաբանության և հիգիենայի Հադրութի շրջբաժնի աշխատողների կողմից։ Վարակի դեպքեր հաստատված համայնքների բնակիչներին տրամադրել ենք դիմակներ և ալկոգել,- շրջանում իրականացվող միջոցառումներին անդրադարձավ շրջվարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը։

Շրջվարչակազմի ղեկավարը նշեց նաև, որ անընդհատ կապի մեջ է բոլոր համայնքների ղեկավարների հետ, պարբերաբար կազմակերպում է շրջայցեր, անց է կացնում աշխատանքային հանդիպումներ։

Հունիսի 18-ին աշխատանքային հանդիպում է կազմակերպվել Տողի ենթաշրջանում՝ նշված ենթաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները։

Հանդիպմանը քննարկվել են նոր կորոնավիրուսի կանխարգելման, բերքահավաքի և հակահրդեհային անվտանգության միջոցառումների ընթացքը, ինչպես նաև խմելու ջրի հետ կապված հարցեր։

Մեզ հետ զրույցում Կ․ Պետրոսյանը նշեց, որ իր անմիջական հսկողության տակ են շրջանում կազմակերպվող բոլոր միջոցառումները․

— Հատկապես խիստ վերահսկողություն է տարվում շրջանում անցկացվող սգո արարողությունների մասով։ Ինչպես գիտենք, Հադրութի շրջանում վարակի առաջին դեպքերը գրանցվել են հենց սգո արարողությունից հետո։ Այդիսկ պատճառով՝ առավել խստացրել ենք վերահսկողությունը՝ նոր բռնկումներից խուսափելու նպատակով։

Շրջանում ընդհանուր առմամբ պահպանվում են հակահամաճարակային անվտանգության կանոնները, Պարետի որոշումից հետո փակ տարածքներում բնակիչներին հանդիպում ենք բացառապես դիմակներով, որոշներին՝ ռետինե ձեռնոցներով։ Հիմնարկ-ձեռնարկություններում կատարվում է աշխատակիցների 2-անգամյա պարտադիր ջերմաչափում, տվյալները գրանցվում են հատուկ մատյաններում։ Առևտրի կետերում պահպանվում են սահմանված կանոնները, բնակչությունն սկսել է ըմբռնումով մոտենալ կազմակերպվող միջոցառումներին։

Եվս մեկ անգամ հորդորում ենք շրջանի բնակիչներին՝ հետևել Պարետի որոշումներին և ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: