Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի համանախագահությամբ Երեւանում տեղի է ունենում Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Նիստին ներկա են նաեւ Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների նախագահներ՝ Արարատ Միրզոյանը եւ Արթուր Թովմասյանը:

Մինչ օրակարգային հարցերին անցնելը՝ Նիկոլ Փաշինյանը եւ Արայիկ Հարությունյանը հանդես են եկել ելույթներով:

«Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,

Հայաստանի եւ Արցախի Ազգային ժողովների մեծարգո նախագահներ,

Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ,

այսօր տեղի է ունենում Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների թվով 4-րդ նիստը եւ սա այլեւս հաստատված մի ձեւաչափ է, որտեղ քննարկվում են Հայաստանի եւ Արցախի անվտանգության օրակարգի ամենատարբեր հարցեր: Այսօրվա նիստը պայմանավորված է նրանով, որ Արցախում ձեւավորվել է նոր իշխանություն, Անվտանգության նոր խորհուրդ է ձեւավորվել, եւ մենք կարեւոր ենք համարում, որ Արցախի մեր գործընկերները հնարավորինս արագ ներգրավվեն այս աշխատանքներում:

Նախ թույլ տվեք Արցախի անվտանգության խորհրդի բոլոր անդամներին շնորհավորել նշանակման կապակցությամբ: Հայաստանի անվտանգության խորհուրդը նույնպես նոր անդամներ ունի եւ նրանք նույնպես առաջին անգամ են մասնակցում այս ձեւաչափով քննարկումներին եւ նրանց նույնպես շնորհավորում եմ այս առիթով:

Այս համատեղ նիստի ընթացքում կարեւոր եմ համարում մի քանի դիտարկումներ կատարել հարցերի երեք խմբի առնչությամբ, որոնք ես պայմանականորեն կսահմանեի որպես բանակցային գործընթացին Արցախի մասնակցության, բանակցությունների բովանդակային հատվածի հանդեպ մեր մոտեցումների եւ խաղաղ գործընթացի միջավայրի հարցեր:

Անցած տարվա դեկտեմբերի 23-ին մեր համատեղ նիստի ընթացքում ես առանձնահատուկ կարեւորեցի Արցախում անցկացվելիք համապետական ընտրությունները: Արցախում կայացած ընտրությունները հետապնդում էին երեք առաջնահերթ նպատակ: Առաջին՝ հնարավորություն տալ Արցախի ժողովրդին մարդու իրավունքների իրացմամբ ընտրել այն իշխանություններին, որոնք կկազմակերպեն երկրի քաղաքական եւ հասարակական կյանքը: Երկրորդ՝ հնարավորություն տալ Արցախի ժողովրդին ընտրել այն իշխանություններին, որոնք պետք է ապահովեն իր անվտանգությունը: Հայաստանի Հանրապետությունը, իհարկե, կշարունակի աջակցել Արցախի իշխանություններին Արցախի բնակչությանը պաշտպանելու իրենց հանձնառության մեջ՝ շարունակելով լինել Արցախի անվտանգության երաշխավորը: Երրորդ՝ Արցախի ժողովուրդը նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքում պետք է մանդատ տար իր իշխանություններին՝ ներկայացնելու Արցախը նաեւ բանակցային սեղանին:

Այժմ, երբ ընտրություններն ավարտվել են, իսկ իշխանությունները ձեւավորվել, պետք է փաստել, որ այս երեք նպատակները լավագույնս կատարվել են: Մրցակցայկին եւ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում Արցախն ունի իշխանություն, որն արտահայտում է քաղաքական բարեփոխումների, տնտեսական եւ ենթակառուցվածքային զարգացման արցախցիների ձգտումները: Ընտրությունների եւ դրանց հետեւած իշխանությունների կազմավորման արդյունքում Արցախում տեղի ունեցավ քաղաքական ուժերի համերաշխության եւ համախմբման կարեւորագույն գործընթաց, ինչը վստահ եմ, առավել ամրապնդեց Արցախի անվտանգությունը:

Վերջապես, ընտրություններն ընդգծեցին Արցախի ժողովրդի եւ նրա կողմից ընտրված իշխանության դերը խաղաղ կարգավորման գործընթացում: Ակնհայտ է, որ առանց Արցախի իշխանությունների լիարժեք ներգրավման՝ բանակցային գործընթացում չի կարող լինել էական առաջընթաց, քանի որ յուրաքանչյուր առաջընթացի համար անհրաժեշտ են կարեւորագույն պայմանավորվածությունների ձեռքբերման եւ իրացման կարողություն եւ այստեղ է, որ Արցախի իշխանությունների ստացած ժողովրդական մանդատն անփոխարինելի է: