Երբ մյուսները կարանտինի ընթացքում զբաղմունք են փնտրում օրերը կարճելու համար, ռեժիսոր, դերասան Արմեն Դալլաքյանը ժամանակն անհիմն չի վատնում։ Վերջինս Showbiz.am կայքի հետ զրույցում պատմում է՝ նոր պիես է գրել, որը շուտով կբեմադրվի թատրոններում։ Ռեժիսորն առաջինն է Հայաստանում, ով կբեմադրի ներկայացում համաճարակի և ինքնամեկուսացման մասին։

«Հիրավի, կորոնավիրուսը չարիք է ամբողջ աշխարհի համար, բայց և այնպես այն հերթական դաս է համայն մարդկության համար, որպեսզի նրանք չմոռանան ոչնչի ու ոչ ոքի մասին։ Կյանքը շարունակում է սովորեցնել մեզ՝ ինչպես ապրել, իսկ երբ մենք շեղվում ենք նրա ցույց տված ճանապարհից, կյանքը փորձում է հիշեցնել մեզ մեր առաքելության մասին։
Ամբողջ աշխարհին պատուհասած այս կորոնավիրուսը հնարավորություն ընձեռեց մարդկանց ինքնամեկուսանալ ու մտածել․․․»,-ասում է Արմեն Դալլաքյանը, ով հենց այդ
մտորումների ընթացքում էլ որոշեց ներկայանցել աշխարհում տիրող իրավիճակն ու մարդկանց հոգեվիճակն իր պիեսում։

Իր պիեսի համար ռեժիսորն ընտրել է «Դեպի Լույս» վերնագիրը։ Արմենը պատմում է, թե ինչպես որոշեց հենց այդպես անվանել իր ստեղծագործությունը․ «Գործը գրելուց հետո մոտ հինգ վերնագրի մեջ տատանվում էի։ Բազմաթիվ քննարկումներից հետո հասկացա, որ ամեն ինչից զատ լույսը կա, ուղղակի պետք է ցանկություն՝ դեպի լույսը գնալու։ Ու կնքվեց ներկայացումս «Դեպի Լույս»»։

Խոսելով կերպարների մասին՝ Դալլաքյանը նշում է, որ հերոսները տարբեր բնավորությունների, հոգեկերտվածքի տեր մարդիկ են։
«Առանցքային կերպարներն են Դավիթը, Տաթևը, Հրեշտակապետը, Չար ոգին։ Կերպարներից Դավիթն անհավատ մարդ է, իսկ Տաթևը՝ հակառակը՝ կյանքին նայում է սիրո աչքերով։ Չեմ ուզմում շատ բացել փակագծերը, մնացածն արդեն առաջնախաղի ժամանակ կտեսնի հանդիսատեսը»,-ասում է ռեժիսորը։

Պիեսում կխաղան հենց Արմենի շրջիկ թատերախմբի դերասանները։
«Ներկայացման մեջ ընգրկված են իմ շրջիկ թատերախմբի բոլոր դերասանները։ Ամենափոքր դերասանը 7 տարեկան է, իսկ ամենամեծը՝ 35։ Ներկայացման հիմնական մասը սիրո մասին է։ Թեման չունի տարիքային սահմանափակում, իսկ դերասանների փոփոխությունը կախված է տվյալ երկրի թատրոնի հետ համագործակցությունից։ Բայց հիմնական կազմին չեմ փոխի, քանի որ նրանք ինձ հետ են եղել իմ ծանր ու թեթև օրերին, իսկ ես իմ դերասաններին երբեք չեմ նեղացնում»,-անկեղծանում է Դալլաքյանը։

Արմենը նշում է, որ ինքն առաջինն է այս թեմայով ներկայացում բեմադրում ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում, և այդ իսկ պատճառով արդեն սկսվել են բանակցությունները՝ «Դեպի Լույս»-ը միջազգային հարթակներում ներկայացնելու համար։

«Ես առաջինն եմ, ով նման թեմայով ստեղծագործում է։ Նպատակները շատ են, հիմա բանակցում ենք։ Վրացական թատրոնի համար հիմա պիեսն արդեն թարգմանվում է վրացերեն։ Թբիլիսիում նույնպես կունենանք ներկայացում, գուցե խաղան վրացի դերասաններ։ Պիեսը շուտով կթարգմանվի նաև ռուսերեն ու անգլերեն՝ միջազգային հարթակ դուրս գալու համար։ Քանի որ ամբողջ աշխարհն այս վիրուսի զոհն ու ականատեսն է, շատ ճիշտ թեմա է»,-մանրամասնում է ռեժիսորը։

Խոսելով ֆինանսավորման մասին՝ Դալլաքյանը նշում է, որ դեռևս ինքն է հոգում բոլոր ծախսերը․ ռեժիսորն ինքն է մոդելավորել դերասանների հագուստը, ինքն է զբաղվում ռեկվիզիտների պատրաստմամբ, սակայն մոտ ապագայում նա արդեն կդիմի հատուկ կառույցների՝ ֆինանսական աջակցության համար։

«Երբ սկսենք խաղը, բնականաբար, կդիմեմ Կառավարությանը կամ նախարարությանը, կփորձեմ խնդրել աջակցություն։ Իսկ հիմա ներկայացման ամբողջ ռեկվիզիտները ես ինքս եմ պատրաստել, հագուստն ինքս եմ մոդելավորել։ Բեմում կլինի բանտ, այգի, բնության փոքրիկ հատված։ Բեմում ստեղծել եմ այն ամենը, ինչի մեջ մենք գտնվում ենք այսօր։ Լուսային լուծումները նույնպես առանձնահատուկ են»,- կիսվում է մանրամասներով ռեժիսորը։

Անդրադառնալով այն հարցին, թե ադյոք վտանգավոր չէ՞ կարանտինային պայմաններում կատարել փորձեր, Արմենն ասում է․ «Այո, շատ վտանգավոր է, բայց ինչ արած։ Պետք է դուրս գալ այս իրավիճակից․ պարտադիր դիմակներ ենք կրում, ախտահանվում է փորձասենյակը և իհարկե, պարտադիր ջերմաչափվում ենք»։

Իր խոսքը եզրափակելով՝ Արմեն Դալլաքյանն ասում է․ «Ամենն վատ բան սկսվում է սիրո պակասից․ չէ՞ որ Աստված է սերը, սիրեք ու սիրվեք»։