Սխալ որոշում կայացնողները պատասխան են տալու. օրենքի առաջ բոլորը հավասար են։ Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, դատարանից դուրս գալով, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Լրագրողը հիշեցրեց Ծառուկյանին, որ ինքը մի քանի օր առաջ արել է հայտարարություն, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն արել է առաջարկություններ, որն ինքը չի ընդունել, հարցին՝ ի՞նչ առաջարկությունների մասին է խոսում ինքը, Ծառուկյանն ասաց. «Ուրեմն ես ինչ ասել եմ՝ իմ ասածին տեր եմ, ասել եմ ոչ անձնական շահի, ոչ էլ դիվիդենտ հավաքելու համար։ Հիմնական խնդիրն ինչ ասել եմ, իմ խոսքը պահում եմ՝ անկախ ճնշումներից, միեւնույն է, արդարություն իր տեղն ունենալու է։ Սխալ որոշում կայացնողները դրա համար պատասխան են տալու. օրենքի առաջ բոլորը հավասար են, բայց շինծու, սարքած գործ է»։

Ծառուկյանն անդրադարձավ նաեւ քրեական գործին. «Հիմա փաստաբանները ձեզ կներկայացնեն. Ժամը, հանձնարարություն, քննությունը, միայն այս գործի համար հարյուր քանի քննիչ 2 օրում… սա ինչ տեռոր էր։ Ընտրության վերաբերյալ էր չկա մեկը, որ ասի՝ Ծառուկյանը կապ ունի կամ Ծառուկյանը գումար է տվել։ Դեպքը եղել է փետրվարի 4-ին, Վազգենին ստուգելով… գործը եղել ու պրծել է, ոչ մի քննություն չի եղել ու անմիջապես իմ ելույթից հետո 120 քննիչ խառնվել են այդ գործին։ Ես որեւիցե կառավարման հետ գործ չունեմ, ես սեփականատեր եմ»։

ԲՀԿ առաջնորդն ասաց, որ իշխանությունը ոչ մի խոստում չի կատարել, եւ, որ երկիրն անդունդի եզրին է. «Բոլորդ էլ տեսնում եք. սոցիալական, տնտեսական, քաղաքական։ Ժողովուրդը սովի է գնալու, ոչ մի լավ բան չի սպասում»։

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է շինծու գործ։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն է տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։