Ընթացիկ շրջանի հիմնական պրոբլեմը շարունակում է մնալ կորոնավիրուսի համավարակը։ Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երեկ մենք կրկին 665 նոր դեպք ենք հայտնաբերել, և մեզ չի հաջողվում թվերը իջեցնել։ Եվ մենք գիտենք դրա պատճառը՝ հակահամաճարակային կանոնները համատարած կերպով չեն պահպանվում։ Եվ մենք ստիպված ենք ավելի ու ավելի կոշտ վարչական մեթոդներ կիրառել հակահամաճարակային կանոնները պահպանելու նպատակով։ Գիտեք, որ պարետատունը որոշում է կայացրել, որ քաղաքացիները պետք է իրենց մոտ պարտադիր ունենան անձը հաստատող փաստաթուղթ։ Եվ ես ուզում եմ պարզաբանել, թե որն է այս որոշման նպատակը: Եթե, օրինակ, դիմակ չկրելու համար տուգանվելու ընթացքում անձը չունի փաստաթուղթ իր մոտ, նրան վարչական պատասխանատվության ենթարկելու պրոցեսն ավելի երկար է տևում, որովհետև անհրաժեշտ է տանել ոստիկանական բաժին, անձը պարզել, որից հետո վարչական արձանագրություն կազմել»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ վերլուծությունները ցույց են տալիս, որ հիմնական վարակի տարածման աղբյուր են հանդիսանում բակերը և մոտ հասցեները։ «Այստեղ նույնպես մենք պետք է մեծացնենք մեր վարչական ազդեցության միջոցները, ինչքան էլ ռեսուրսները սահմանափակ են։ Ձևավորվել են կարգախմբեր՝ ոստիկանության և պետական այլ մարմիններից բաղկացած, որոնք ամեն օրվա հետ ավելի ու ավելի մեծ մասշտաբով կիրականացնեն այդ վերահսկողական գործառույթները»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց՝ կարևոր է արձանագրել, որ շուկայում տեղի է ունեցել դիմակների էական գնանկում։ Եվ ՏՄՊՊՀ-ն կանխատեսում է, որ առաջիկայում այդ գնանկումը կշարունակվի։ «Եթե ճիշտ եմ հասկացել, առաջիկայում քաղաքացիները կկարողնան մի դիմակը մոտավորապես 60-70 դրամով ձեռք բերել ապարատներից»,- նշեց նա։

Ըստ Փաշինյանի՝ հիմա արդեն գիտականորեն հաստատված հիմնավորում կա, որ դիմակի կրումը և սոցիալական հեռավորությունը, նաև ձեռքերի պարբերական ախտահանումը 95 և ավելի տոկոսով երաշխավորում է վարակից զերծ մնալը։ «Ընդ որում, կարևոր հանգամանք է պետք ընդգծել՝ դիմակները պաշտպանում են ոչ միայն և ոչ այնքան դիմակ կրողին, որքան դիմացինին։ Այսինքն՝ դիմակը շատ ավելի էֆեկտիվ  դիմացինին չվարակելու, քան թե չվարակվելու համար։ Քանի որ այս հիվանդության առանձնահատկությունն այն է, որ հիմա մենք վստահ ենք, որ տասնյակ հազարավոր ասիմպտոմ դեպքեր ունենք ՀՀ-ում, մենք բոլորս բոլորիս պետք է վերաբերվենք որպես վարակակրի»,- ասաց Փաշինյանը։