Թուրքիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության արդարացման եւ զոհերին վիրավորելու հայտարարությունները նորություն չեն եւ ատելության խոսքի դրսեւորումներ են, որոնք ազդեցությունն են ունենում այդ երկրում հայերի հանդեպ այլատյացության մթնոլորտի ամրապնդման վրա: Այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` Թուրքիայի նախագահի աշխատակազմում Հայոց ցեղասպանության թեմայի արծարծման մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան։

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ Թուրքիայի նախագահի աշխատակազմի բարձրագույն խորհրդատվական մարմինը նիստ է գումարել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, եւ պաշտոնական հաղորդագրության համաձայն` քննարկել այն գործողությունները, որոնք պետք է իրականացվեն ընդդեմ «1915թ. դեպքերի վերաբերյալ Թուրքիայի դեմ անհիմն պնդումների», Աննա Նաղդալյանը պատասխանել է․ «Թուրքիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության արդարացման եւ դրա զոհերին վիրավորելու հայտարարությունները նորություն չեն եւ իրենից ներկայացնում են ատելության խոսքի դրսեւորումներ, որոնք իրենց ազդեցությունն են ունենում այդ երկրում հայերի հանդեպ այլատյացության մթնոլորտի պահպանման եւ ամրապնդման վրա: Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցը հայ-թուրքական խնդիր չէ, դա Թուրքայի եւ միջազգային հանրության խնդիրն է: