Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից քիչ առաջ դուրս եկավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ լրագրողներին հայտնեց, որ դատական նիստը հետաձգվել է։

«Դեռ չեն որոշել, քննությունը դեռ չի ավարտվել։ Վաղը շարունակվելու է 10։30-ին»։

Լրագրողի հարցին, որ իրեն առնչվող այլ քրեական գործեր կան, որոնց մասին հաղորդագրություն է տարածել ԱԱԾ-ն, ինչպե՞ս ինքը կմեկնաբանի այդ քրեական գործերը, Ծառուկյանը կրկին նշեց, որ դրանք շինծու գործեր են։

«Սա քաղաքական սարքած գործ է։ Հունիսի 5-ի հետ կապված, որ ես հայտարարել եմ, տեսնելով երկրի, տնտեսության վիճակը»,- ասաց Ծառուկյանը։

Նշենք, որ Ծառուկյանի փաստաբանները դատավոր Ռոբերտ Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, որի վերաբերյալ որոշում պետք է հրապարակվեր։

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է շինծու գործ։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն է տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։