ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ, եթե Գագիկ Ծառուկյանի շուրջ զարգացումներն ընթանան նրա կալանավորման սցենարով, ապա հետագա գործողությունների կազմկոմիտեն հստակ է և դրա անդամ կլինեն տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Այլ կերպ ասած, Նաիրա Զոհրաբյանը փաստացի արձանագրել է, որ կա քաղաքական որոշակի ուժերի համաձայնություն հետագա առնվազն կազմակերպական գործողությունների վերաբերյալ: Պետք է ենթադրել, որ խոսքը հունիսի 14-ին ՀՅԴ գրասենյակում տեղի ունեցած հավաքի մասնակից ուժերի մասին է, որոնք էին՝ ՀՅԴ, «Հայրենիք» կուսակցությունը, որ գլխավորում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, «Մեկ Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունները:

Հանդիպմանը եղել է նաև ԲՀԿ ներկայացուցիչը: Ըստ ամենայնի, առնվազն այդ ուժերը կկազմեն կազմկոմիտեի կորիզը, եթե ոչ այն ամբողջությամբ: Հատկանշական է այն, որ այդ ուժերը հունիսի 16-ին տարածել են համախմբման կոչ: Հատկանշականն այստեղ այն է, որ կոչը տարածել են երեք ուժերը՝ ՀՅԴ, «Հայրենիք» ու «Մեկ Հայաստան», իսկ «Ազգային օրակարգը» չի եղել: Դրա պատճառը տեխնիկակա՞ն է, թե՞ ոչ, և կա բովանդակային կամ այլ անհամաձայնություն՝ համենայնդեպս առայժմ պարզ չէ: Դա հետաքրքիր է նրանով, որ կարող է արտացոլել հավաքվող ուժերի միջև որոշակի փոխհարաբերությունների և խնդիրների առկայություն, առավել ևս այն համատեքստում, որ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ բացառվում է գործակցությունը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ:

Առնվազն մարտավարական իմաստով այդ հայտարարությունը հասկանալի է, սակայն մյուս կողմից թարմ է, թերևս, շատերի հիշողությունը, և դժվար չէ մտաբերել, որ ԲՀԿ-ն ու Մինասյանը «բարիկադների» տարբեր կողմերում էին Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում: Այդուհանդերձ, Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունների հստակությունն ու տոնայնությունը հուշում է, որ առնվազն որոշակի բազմակուսակցական կորիզի հարցում, կարծես թե, կա պայմանավորվածություն: Թե քանի քայլի վերաբերյալ է պայմանավորվածությունը, այլ հարց է: Բացառելով Մինասյանի հետ գործակցությունը, պետք է ենթադրել, որ բացառվելու է գործակցությունը նաև Սերժ Սարգսյանի և ՀՀԿ հետ:

Համենայնդեպս կլինի տարօրինակ, եթե մեկը բացառվում է, մյուսը՝ ոչ: Հետաքրքիր է, իսկ արդյոք նույն կերպ բացառվելո՞ւ է Ռոբերտ Քոչարյանի հետ գործակցությունը, հաշվի առնելով այն, որ առնվազն նախկինում ԲՀԿ-ն մշտապես հերքել է կապը երկրորդ նախագահի հետ, իսկ նրա շուրջ զարգացումները չի համարել քաղաքական, այլ դիտարկել է իրավական դաշտում:

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից արդեն եղել է արձագանք, որ ԲՀԿ և Ծառուկյանի նկատմամբ քայլերը քաղաքական են: Միևնույն ժամանակ, արդյոք հնարավո՞ր է մեկ բլոկում ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի և Ռոբերտ Քոչարյանի համատեղ գործունեությունը: Քաղաքականության մեջ, անշուշտ, հնարավոր է ամեն ինչ, կամ գրեթե ամեն ինչ: Ի վերջո, Հայաստանն այդ իմաստով ունեցել է մարտի 3-ի «ֆենոմեն», երբ Հանրապետական կուսակցության նախագահ, վաղամեռիկ Անդրանիկ Մարգարյանը կուսակից, վարչապետ Արամ Զավենի Սարգսյանի, դաշնակից Ստեփան Դեմիրճյանի հետ միասին պահանջում էր Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ մի քանի ամիս անց արդեն նույն Սերժ Սարգսյանի հետ միևնույն կառավարության կազմում էր:

Քաղաքականությունն ունի այդպիսի թե՛ ներքին, թե՛, իհարկե, համաշխարհային շատ օրինակներ: Այդուհանդերձ, Արթուր Վանեցյանի «խաղադրույքն», օրինակ, կատարված է թե՛ ներկայիս, թե՛ նախկին իշխանությունը մերժելու վրա, հետևաբար՝ այստեղ կարող են առաջանալ էական խնդիրներ: Ըստ այդմ, գոնե տակտիկական իմաստով կազմկոմիտե-կորիզը պետք է մերժի նախկին որևէ դեմքի հետ ասոցիացիա: Բայց, մյուս կողմից, պետք է կարողանա համոզիչ կերպով, բովանդակային առումով տարանջատվել նախկինից, որովհետև հանրությունը ներկայումս քաղաքական իրողությունները գնահատում է այլևս ոչ թե դեմքերով, այլ կենսագրությամբ և փաստերով: Մյուս կողմից, այս ամենով հանդերձ, ակնառու է, որ ԲՀԿ նախագահի դեմ գործողությունները փաստորեն խթանում են քաղաքական բևեռի ձևավորում: Դա կարող է լինել երկրորդը՝ «Սասնա ծռեր»-ի առանցքով ազգային-ժողովրդավարական բևեռի կողքին:

Ընդ որում, մեծ հաշվով, ստացվում է հետաքրքիր դասավորություն՝ գործող քաղաքական իշխանությունն, ըստ էության, երկու իրարամերժ արմատացող բևեռի արանքում, երբ առերևույթ հայտնվելով երկուստեք հարվածի ռիսկի ներքո, միևնույն ժամանակ փաստացի ստեղծում է իրավիճակ, երբ այդ բևեռները ոչ պակաս թիրախավորելու են միմյանց: Այդ հանգամանքն էլ իր հերթին բացում է քաղաքական հեռանկարի առումով այլ ասպեկտ, որին կանդրադառնանք հաջորդիվ: