Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը:

Ծառուկյանին աջակցություն հայտնելու համար դատարանի մոտ է նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Լրագրողների հետ զրույցում Վանեցյանը նշեց, որ ԲՀԿ առաջնորդի հետ ունի շատ լավ հարաբերություններ:

Հարցին՝ արդյո՞ք իր պաշտոնավարման ընթացքում քաղաքական հետապնդում իրականացվել է որևէ մեկի նկատմամբ, Վանեցյանը նշեց. «Եթե նման բան լիներ՝ լրագրողական հանրությունը դրա գնահատականը կտար: Այս ընթացքում երբևիցե նման գնահատական չի եղել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է իր նկատմամբ քրեական գործ հարուցվելու հավանականությանը՝ Վանեցյանն ասաց. «Հնարավոր է իմ նկատմամբ իրականացվի որևէ գործողություն: Օրինական ճանապարհով ինձ ազատությունից զրկել ուղղակի հնարավոր չէ, որովհետև ես որևէ ապօրինի բան չեմ արել»: