ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ Լենինգրադյան փողոցում երկու երիտասարդի դանակահարության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2020 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 02:40-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել 1999 եւ 2000թթ. ծնված երիտասարդներ, որոնցից մեկը՝ որովայնի պատի ծակած-կտրած թափանցող վերք՝ ձախից, վերցայլքային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերք, արյունահոսություն, իսկ մյուսը՝ որովայնի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք, արտաքին արյունահոսություն ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ երիտասարդները նշված վնասվածքներն ստացել են 2020 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 00:00-ից 00:30-ն ընկած ժամանակահատվածում, Երեւան քաղաքի Լենինգրադյան փողոցում մի խումբ անձանց միջեւ տեղի ունեցած վիճաբանության եւ ծեծկռտուքի ժամանակ:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել եւ վերցվել են արնանման հետքի նմուշներ, հարցաքննվել են շուրջ մեկ տասնյակ վկաներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են քննչական գործողություններ եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը, միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը, ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու եւ քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: