Հայաստանն ակտիվորեն գնում է դեպի բռնապետական ռեժիմ։ Այս մասին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը քննող դատարանի բակում ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։ Հարցին՝ արդյո՞ք, Հայաստանի դատարանները համատարած կատարում են իշխանությունների պատվերը, Աբովյանն ասել է, թե որպես ԱԺ պատգամավոր, հույս ունի, որ գուցե, թերեւս մասնակի դա այդպես չէ։

«Եթե կալանավորման որոշում կայացվեց, դա կլինի այսօր իրականացվող քաղաքականության ու տոտալ ճնշումների տրամաբանության մեջ։ Փաստացի, մենք այօր լսեցինք խոստովանություն, որ Հայաստանը գնում է քաղաքական․․․ կանվանեք հաշվեհարդար, կանվանեք ճնշում, կանվանեք բեսպրեդել, ընտրությունը եւ իրավունքը ձերն է, բայց հաստատ է, որ բացարձակապես քաղաքական բնույթ է կրում այս ամենը», ասել է Արման Աբովյանը։

Ըստ նրա՝ բռնապետությունները երբեք չեն ասում, թե «ուզում ենք լռեցնել, ուզում ենք ճնշել, ընդդիմադիրներին բանտերը նետել»․

«Բռնապետությունն իր արարքները պայմանավորում է շատ բարձր մղումներով, ընդդիմադիրներին ոչնչացնում են ամենագեղեցիկ լոզունգների ներքո», ասել է Ա․Աբովյանը։

Լրագրողների հետ զրույցի այս հատվածում ոստիկանները մի խումբ քաղաքացու են դատարանի բակից բերման ենթարկել։

Շարունակելով իր միտքը, Արման Աբովյանը պնդել է, որ Հայաստանն ակտիվորեն գնում է դեպի բռնապետական ռեժիմ․

«Իշխանությունն արդեն իսկ խաբելով մարդկանց, ստելով, շինծու գործեր սարքելով, փորձում է լռեցնել, վախեցնել, որն, ի դեպ, չի ստացվելու, խոշորագույն ընդդիմադիր ուժի ղեկավարին։ Պրոցեսները մենք վերլուծում ենք, հաշվարկում մեր հաջորդ քայլերը, բայց հիմա արդեն տեսնում ենք, որ շատ ակտիվ գնում է դեպի մի վիճակ, երբ մարդիկ չեն կարողանալու ասել այն, ինչ մտածում են, ինչ տեսնում են։ Դուք ինքներդ ձեզ հարց տվեք, թե ինչի՞ համար է արվում այս կամ այն քայլը։ Լկտի սուտ է, որ մենք քաղաքական հայտարարություն արեցինք, քանի որ քրեական գործի հոտն էինք առնում։ Մենք լիահույս էինք, որ ապրում ենք իրավական երկրում, ցավոք, սխալվեինք», ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղարը։

Արման Աբովյանը հորդորել է կարդալ եւ ուսումնասիրել, թե բռնապետերը ձայների ինչ տոկոսներով են եկել իշխանության․

«Այստեղ խնդիրն այն չէ, որ ով՝ ում, ինչ է ասել առաջ, այլ այն, որ մենք ականատեսն ենք հստակ քաղաքական հետապնդումների։ Ծառուկյանի որդու նկատմամբ գործողություններն էլ են տեղավորվում  նույն տրամաբանության մեջ, որի մասին քիչ առաջ խոսեցի», ասել է Արման Աբովյանը։