Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանը դատական նիստի ընթացքում իրեն հետաքրքող մի քանի հարց ուղղեց Ռոբերտ Քոչարյանին՝ կապված նախկին վարչապետների անձնական երաշխավորության միջնորդության հետ։

Ւնչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատավորը հետաքրքրվեց, թե արդյոք ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը կարո՞ղ են ազդել պատշաճ վարքագծի վրա։

Դատավորը նշեց, որ իր համար կարևոր է հասկանալ, թե Քոչարյանի և երաշխավորողների միջև հարաբերություններն այնպիսի՞ն են, որ ՀՀ երկրորդ նախագահը հաշվի կառնի նրանց կարծիքը կամ նրանց երաշխավոր լինելու հանգամանքը։

Քոչարյանը ասաց, որ նրանց միջև տասնամյակների հարաբերություններ են ձևավորված և պահպանվել են մինչև կալանավորումը, ուստի անտարբեր չի նրանց կարծիքի նկատմամբ։

«Ինձ համար մեծ պատասխանատվություն է, թե ինչ վարքագիծ կդրսևորեմ և ինչպիսի հանրային արձագանք դա կունենա»,- ասաց Քոչարյանը։

Երկրորդ նախագահը նշեց, որ թե աջակիցների, թե այն մարդկանց կողմից, ովքեր իրեն չեն ընդունում, կա ձևավորված մի կարծիք, որ ինքը խոսքի տեր մարդ է և երբեք պատասխնատվությունից չի խուսափել։

Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկով հանդես էին եկել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը: Սակայն Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր անձնական երաշխավորությամբ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։

 

Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։ Նա մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ ՀՀ երկրորդ նախագահը 2020 թվականի ապրիլի 28-ին տեղափոխվել էր Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցնելու համար և մայիսի 12-ին վիրահատվել։ 2020-ի մայիսի 29-ին Վարչական դատարանը բավարարել էր Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը, ըստ որի մինչև կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի ավարտը Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում։