Ես բացարձակապես վախենալու բան չունեմ: Ամոթ է ուղղակի տղամարդու անվան հետ «լեւի գնալը» կապել ու համարել կոմպրոմատ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Պետրոսյանը` անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, թե իր վրա կոմպրոմատ կա, ԲՀԿ նիստին Ծառուկյանը զգուշացրել էր` «լեւի քիչ գնա»։

«Եթե գնացել եմ, լավ եմ արել, թող մտածեն էն մարդիկ ովքեր ի վիճակի չեն լեւի գնալ, կամ գնում են նույն սեռի հետ: Իմ մասին այնպիսի տեղեկություն չի կարող հրապարակվել, որի համար ես ամաչեմ: Թող այս ամենի հետեւում կանգնած մարդիկ մտածեն իրենց շուրջ շրջանառվող տեղեկությունների մասին: Ի՞նչ է նշանակում «լեւի» գնալու համար չմասնակցել իրադարձություններին: Եթե դա է կոմպրոմատ է, թող հրապարակեն»,- ասաց նա։

Պատգամավորին հարցրինք, թե երեկ, երբ ԱԱԾ-ում հարցաքննում էին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, խմբակցության պատգամավորների հետ ինքը ինչու՞ այնտեղ չէր, ինչին պատասխանեց. «Լավ չէի զգում, ինքնազգացողությունս վատ էր: Միակ դեպքն է, որ չեմ մասնակցել: Մանրամասները, որպես անձնական գաղտնիք չեմ ուզում հրապարակել»:

Անդրադառնալով`  ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից եւ ազատությունից զրկելու գլխավոր դատախազի երկու միջնորդություններին, Պետրոսյանն ասաց, որ դատախազի ներկայացրած փաստարկները հիմնազուրկ էին. «Հարգանք ունենալով գլխավոր դատախազի` իբրեւ իմ նախկին ուսանողի նկատմամբ, այդուհանդերձ հիմքեր ունեմ պնդելու, որ Ծառուկյանի մասով միջնորդությունը հիմնազուրկ է: Այդ միջնորդության մեջ որեւէ ապացույց չմատնանշվեց անձամբ Ծառուկյանին վերաբերվող: 87 հոգով միաձայն կողմ քվեարկելը ակնհայտ քաղաքական պատվեր էր հիշեցնում: Նիկոլ Փաշինյանի պատվերն են կատարում: Այդպես էլ չկարողացավ Ազգային ժողովը ձերբազատվել վարչապետի կցորդը լինելու կարգավիճակից»: