Մենք բոյկոտել ենք ԱԺ նիստերը, սակայն դա չի նշանակում, որ դահլիճից դուրս մեր աշխատանքները չեն ծավալվելու: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Քանի որ սա վերջին լիագումար նիստն է, մենք անելու ենք ամեն ինչ մեր խորհրդարանական աշխատանքում որեւէ ձախողում թույլ չտալու համար: Թե օրենսդրական նախաձեռնություններում, թե այլ հարթակներում մենք աշխատելու ենք: Պարզապես մենք մեր քաղաքական անհամաձայնությունն ենք արտահայտել երեկ խորհրդարանի կողմից անօրինական եւ դատարկ միջնորդությունը վավերացնելու առնչությամբ:

ԲՀԿ-ն շարունակելու է աշխատել նույն արդյունավետությամբ եւ իր սահմանած ծրագրով: Խմբակցության ղեկավարի փոփոխության հարց չի քննարկվում: Բոլոր քաղաքական որոշումներըկայացվելու են քննարկումների եւ քաղաքական թիմի ներկայացուցիչների կոնսենսուսի պայմաններում»,-ընդգծեց նա: