Արարատի մարզում, այսօր՝ հունիսի 17-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 04։20-ի սահմաններում Երեւան-Երասխ ավտոճանապարհի 16 կմ-ում՝ Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, բախվել են Արարատի մարզի բնակիչ՝ 40-ամյա Դավիթ Զաքարյանի վարած BMW X5 մակնիշի եւ Արարատ քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Սարիբեկ Մուսիկյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, բախման հետեւանքով BMW X5-ը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում, եւ BMW-ում հրդեհ է բռնկվել։

Վթարի հետեւանքով Դ. Զաքարյանը, նրա ուղեւոր Լ. Հ-ն եւ Mercedes-ի վարորդ Ս. Մուսիկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Հրշեջները մարել են BMW-ում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ BMW-ի վարորդն ու ուղեւորը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս։