ՍԱՍ-ի Արտակի՝ Արտակ Սարգսյանի եւ Սամվել Ալեքսանյանի՝ ընտրակաշառք բաժանելու մասին ձայնագրություններ կան, բա ինչո՞ւ իրենց դեմ իրավական գործընթաց չի սկսվում ու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ է լինում՝ ընտրակաշառք բաժանելու գործ:

Այսօր ԱԺ-ում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի փակ, գաղտնի քվեարկության ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին լրագրողներն այս հարցն ուղղեցին: Նա պատասխանեց. «Մենք նորից թյուրիմացաբար ձեւակերպումներ ենք հնչեցնում. ԱԺ պատգամավորներն այն անձինք չեն, ովքեր վերահսկողություն են սահմանում, թելադրում են եւ ճնշում են գործադրում իրավապահ համակարգի վերաբերյալ՝ այս կամ այն գործը ինչպես պետք է քննվի, պե՞տք է քննվի, թե՞ ոչ, բավարար հիմքեր կա՞ն, թե՞ ոչ: Այս հարցի վերաբերյալ իրավական հանգամանքները պարզելու համար հարցեր ուղղեք իրավապահ մարմիններին»:

Հարցին՝ 4 քրգործ եղավ Ծառուկյանի հետ կապված այն բանից հետո, երբ նա հայտարարեց, որ կառավարությունը պետք է փոխվի, կասկածելի չէ՞՝ Մակունցն ի պատասխան հորդորեց քաղաքական ու իրավական գործընթացները տարանջատել. «Ինչ վերաբերում է քաղաքական հայտարարություններին, ես չեմ բացառում ու անձամբ ունեմ այն համոզմունքը, որ ԲՀԿ ղեկավարի կողմից քաղաքական հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ինչ-որ տեղից տեղեկություն է հասել նրան, որ կան խնդիրներ իրավական դաշտում, հետեւաբար քաղաքական հայտարարությունը որպես վահան էր»:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ էին դեռեւս անձեռնմխելիություն ունեցող պատգամավորին ԱԺ բակից 6 մեքենայով տանում ԱԱԾ՝ Մակունցը պատասխանեց, որ տեղյակ չէ դրանից ու չի կարող մեկնաբանել: