Ոստիկանության բարեփոխման մասին հրամանը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրելու է հունիսի 16-ին, կպարտավորեցնի ոստիկանների կողմից ուժի կիրառման ավելի խիստ կանոններ ընդունել: Այս մասին հեռախոսային ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է վաշինգտոնյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հրամանը ոստիկանության բաժանմունքներին կպարտավորեցնի ընդունել ոստիկանների կողմից ուժի կիրառման ավելի խիստ կանոններ»,-  նշել է նա:

Գործադիր իշխանության ներկայացուցիչը այնուհետեւ շարունակել է՝ ասելով, որ դրանից բացի, փաստաթղթում առաջնային ուշադրություն է հատկացված իրավապահ մարմինների աշխատակիցների պատրաստման նպատակով դաշնային դրամաշնորհներին՝ ոստիկաններին խրախուսելու համար կիրառել վեճերի խաղաղ լուծման պրակտիկան, «խթանում է լավագույն պրակտիկաների կիրառումը»: Վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝  իշխանությունները քննելու են ոստիկանական ուժի կիրառման դեմ բողոքները:

Ընդ որում՝ հրամանը կհանգեցնի պետական կառույցների միջեւ տեղեկությունների փոխանակման բարելավմանը, կօգնի ոստիկանությունում մարդկանց աշխատանքի չընդունել առանց նրանց անցյալի ամբողջական ստուգման: Ավելին՝ նա նշել է, որ սոցիալական ոլորտի աշխատակիցները ոստիկաններին կօգնեն բռնության հետ չկապված այնպիսի գործերում, ինչպես՝ թմրամոլությունը, մշտական բնակության վայր չունենալը եւ հոգեկան խանգարումները: Վարչակազմի ներկայացուցիչը պարզաբանել է, որ «այս ամենի նպատակը ոստիկանությանը մարդկանց մոտեցնելն է»:

Սպասվում է, որ Թրամփի կողմից հրամանը ստորագրելիս ներկա են լինելու ոստիկաններ եւ ոստիկանների կողմից սպանվածների ընտանիքների անդամները: Նախագահը մտադիր է նաեւ ԱՄՆ Կոնգրեսին կոչ անել ոստիկանության բարեփոխման հարցերը քննարկել օրենսդրական նախաձեռնության միջոցով: «Այս խնդիրը չի լուծվի ոստիկանությանը դիվականացնելու ճանապարհով»,- շեշտել է գործադիր իշխանության ներկայացուցիչը:

Այս հրամանը հակասում է ԱՄՆ առաջնորդի նախկին կարգադրություններին, որոնցով գործողությունների ազատություն էր տրվում եւ ոստիկաններին սպառազինում էր: Այսպես՝ 2017 թվականին նա ոստիկաններին լրացուցիչ լիազորություններ էր տվել հանցավորության դեմ պայքարի շրջանակում եւ վերականգնել էր հասանելիությունը մասնավորապես զրահատեխնիկային եւ նռնականետներին:

Ոստիկանության բարեփոխման շուրջ իրավիճակի մասին

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների իշխանությունները ոստիկանությունը չեն ցրի կամ կրճատի նրա ֆինանսավորումը: Ոստիկանության ֆինանսավորումը կրճատելու կոչեր հաճախ էին հնչում բողոքի ցույցերի ժամանակ, որոնք ԱՄՆ-ում ընթացել էին Մինեապոլիսում (Մինեսոտա նահանգ) 46-ամյա աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով: Մայիսի 25-ին նրան ձերբակալելիս ոստիկանները կիրառել էին կոպիտ շնչահեղձ անող հնարք: Դրանից կարճ ժամանակ անց աֆրոամերիկացին մահացել էր հիվանդանոցում: Մեկ օր անց ձերբակալությանը մասնակցած ոստիկանության 4 աշխատակիցներին ազատել էին աշխատանքից, նրանց մեղադրանքներ են առաջադրվել:

ԱՄՆ Կոնգրես դեմոկրատները օրինագիծ էին ներկայացրել՝ ուղղված ոստիկանական մեծածավալ բարեփոխման անցկացմանը ի պատասխան երկրում բողոքի զանգվածային ցույցերին: Նախաձեռնությամբ, մասնավորապես, արգելվում է ոստիկանների կողմից շնչահեղձ անող հնարքների կիրառումը, ստեղծվում է տվյալների ազգային բազա ոստիկանության կողմից ոչ իրավաչափ գործողություններին հետեւելու վերաբերյալ, ինչպես նաեւ որոշ դեպքրում արգելվում է օրդեր տալ, որը ոստիկաններին թույլ է տալիս առանց նախազգուշացնելու ներխուժել տուն: Առաջարկվող բարեփոխման շրջանակում մեծանում է ոստիկանների պատասխանատվությունը, այդ թվում՝ բռնության եւ կասկածյալների նկատմամբ կամայական ակտերի համար: