Ուկրաինայի նախագահի կնոջը՝ Ելենա Զելենսկայային, ում մոտ Covid-19 էին հայտնաբերել, թոքաբորբով հոսպիտալացրել են Կիեւի հիվանդանոցում: Այս մասին հայտնում է երկրի նախագահի գրասենյալի մամուլի ծառայությունը:

Հաղորդվում է, որ նախագահի կինը կայուն վիճակում է եւ թթվածնի լրացուցիչ մատակարարման կարիք չունի:

«Ելենա Զելենսկայայի ախտորոշումն առայժմ Covid-19-ն է: Երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբը ծանրության միջին աստիճանի է: Շնչառական անբավարարությունը զրո է: Թթվածնի լրացուցիչ մատակարարման կարիք չունի: Վիճակը կայուն է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ելենա Զելենսկայան մեկուսացման մեջ է, բժիշկների հսկողության ներքո:

Երեկ՝ հունիսի 15-ին, ՊՇՌ հերթական թեստավորում են կատարել Վլադիմիր Զելենսկուն եւ նրա երեխաներին, որի արդյունքը բացասական էր:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի նախագահի կնոջ՝ Ելենա Զելենսկայայի Covid-19 թեստի արդյունքը դրական էր: Ընդ որում՝ առաջին տիկինն իրեն լավ էր զգում եւ հիվանդության ոչ մի ախտանշան չի ունեցել:

Ավելի ուշ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին կորոնավիրուսով կնոջ վարակվելու պատճառով անցել էր աշխատանքի հատուկ ռեժիմի: