Ես հույս ունեմ, որ դուք հարգում եք ձեր ուսադիրները: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Դուք 2018-ի մայիսին դուք ԱԺ-ում միջնորդություն ներկայացրեցիք մեր նախկին ընդդիմադիր գործընկեր Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ հետագա գործընթացներում ներգրավելու համար: Հետո  ինչպես ի պատասխան պետաիրավական հանձնաժողովում Էդմոն Մարուքյանի  հարցին, թե ինչու հետ վերցրեցիք ձեր միջնորդությունը, դուք պատասխանել եք բառացիորեն հետեւյալը. «Այո, ինձ նամակով դիմեց ՀՀ փոխվարչապետը եւ խնդրեց հետ վերցնել միջնորդությունը Ազգային ժողովից: Դրանից հետո ես նամակով դիմել եմ ԱԺ նախագահին, եւ խնդրել եմ օրակարգից հանել այդ հարցը»:

Հիմա դուք պնդո՞ւմ եք, որ երբ միջնորդություն ներկայացրեցիք Նիկոլ Փաշինյանին զրկելու պատգամավորական անձեռնմխելիությունից, պնդո՞ւմ եք, որ ձեր միջնորդությունը եղել է ոչ թե քաղաքական պատվեր, իսկ ես վստահ եմ, որ ձեր միջնորդությունը միանշանակ եղել է քաղաքական պատվեր, այլապես ով էլ ձեր նամակ գրեր, եթե դուք վստահ էիք, որ տեղի է ունեցել հանցագործություն, դուք փոխվարչապետի նամակով պետք է հետ չկանչեիք ձեր միջնորդությունը: Հիմա պնդո՞ւմ եք, որ հիմքերը բավարար էին  պատգամավոր Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու համար: Հիմա այդպես զարմացած մի նայեք, դուք ունեք բոլոր հարցերի պատասխանը, բայց դրան քիչ է մնացել: Ինչո՞ւ հետ կանչեցիք ձեր միջնորդությունը, ո՞վ է փոխվարչապետը, որ ձեզ նամակով դիմի: Ինչու հետ կանչեցիք ձեր միջնորդությունը, եթե դա քաղաքական պատվեր չէր եւ իրավիճակի փոփոխությամբ օրվա իշխանությունը չզանգեց սուպերով եւ չասեց՝ գնա միջնորդությունդ հետ վեկալ»,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Ի պատասխան Արթուր Դավթյանն ասաց. «Դուք վկայակոչում եմ իմ խոսքերը, որոնք հրապարակային են, հետեւաբար այդտեղ պնդելու, հաստատելու բան չկա: Ինչ արել եմ, հրապարակային եմ արել: Իսկ հիմա որպեսզի ձեր հարցին ձեր ուզած ձեւով պատասխանեմ, խնդրում եմ ձեր պատասխանում ասեք, թե այսօրվա քննության առարկայի հետ դա ի՞նչ կապ ունի,. ու ես ձեզ կպատասխանեմ»:

Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ ինքը վստահ է, որ վաղը, որը շատ հեռու չի, դատախազը էլի անհարմար իրավիճակում է հայտնվելու. «Կամ չունի՝ ես կլինեմ պատգամավոր, թե չեմ լինի, այստեղ նստած մի պատգամավոր ձեզ հարցնելու է՝ դուք պնդո՞ւմ եք, որ այն, ինչ այսօր անում եք իրավական գործընթաց է եւ ոչ քաղաքական հաշվեհարդար: Եվ մի հարց՝ դուք անհարմար չե՞ք զգում»:

Գլխավոր դատախազն արձագանքեց. «Հուսով եմ՝ դուք ձեր հարցի պատասխանը շատ լավ գիտեք: Դուք շատ լավ գիտեք, որ ես երբեք անհարմար զգալու իմ պաշտոնական գործունեության  առումով առիթ չեմ ունեցել: Այսօրվա առումով առավել եւս չեմ ունենա: Ես այսօր ամենայն պատասխանատվությամբ կատարում եմ իմ պաշտոնեական պարտականությունը: Իսկ դա հստակ է՝ հանցանք կատարած յուրաքանչյուր անձ՝ անկախ բոլոր  չափանիշներից, պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Մենք շատ ենք առիթ ունեցել այս դահլիճում խոսելու: Ես երբեք կոռեկտության սահմանը չեմ անցել, այսօր էկլ չեմ անցնի, տիկին Զոհրաբյան, ընդամենը բարեկամաբար խորհուրդ կտամ. Էմոցիոնալ հայտարարությունները ձեզ վնասում են: Ձեզ անհարմար վիճակի մեջ են դնում, տիկին Զոհրաբյան ջան»: