Երևանի քաղաքապետարանի մամուլի բաժնից տեղեկացնում են՝ Երևանում մեկնարկում է Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածի հիմնանորոգման ծրագիրը: Քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ հաստատված ծրագրով ներկայումս անմխիթար վիճակում գտնվող այգին կբերվի նոր տեսքի: Ընդհանուր առմամբ կբարեկարգվի շուրջ 16000 քմ տարածք:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի հարևանությամբ 5044 քմ հանրային տարածքի բարեկարգման պատասխանատվությունն իր վրա է վերցրել Ուկրաինայի հայերի միությունը: Այս հանձնառության շնորհիվ Երևանը նաև ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա: Այս տարվա փետրվարին քաղաքապետ Հայկ Մարությանը պայմանագիր կնքեց նվիրատուի՝ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի հետ: Տարածքում նախատեսված է ունենալ բուժկետ, սքեյթի վարձակալման կետ, կտեղակայվեն ոճային հովհարներ՝ արևային պանելների օգտագործմամբ, կբարեկարգվեն կառուցապատումից ազատ կանաչ գոտիները՝ համալրելով դրանք յուրօրինակ լանդշաֆտային դիզայնով, կիրականացվի ընդհանուր տարածքի պարագծային լուսավորություն՝ LED համակարգի օգտագործմամբ։

«Սոցիալական պատասխանատվությունը բիզնեսի շատ կարևոր բաղադրիչ է նոր իշխանության համար, և քաղաքապետ Մարությանը միշտ բաց է այդպիսի համագործակցությունների համար: Մենք միշտ ողջունում ենք մեր բարեկամների այսպիսի նախաձեռնությունները: Իհարկե, սա ոչ առաջին դեպքն է, ոչ էլ վերջինը կլինի: Հատված առ հատված մենք բարեկարգելու ենք և վերադարձնելու ենք երևանցուն այգիները»,- նշում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը:

Երևանի գլխավոր հատակագիծը կազմելիս ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը քաղաքի կենտրոնում Օղակաձև այգին նախագծեց՝ քաղաքի օդը մաքրելու, առողջ միկրոկլիմա ստեղծելու և հանգստի վայր դարձնելու նպատակով։ Սակայն 60-ականներին այգուն հատկացված տարածքը զգալիորեն կրճատվեց, օղակը դարձավ կիսալուսին, իսկ 90-ականների վերջերից սկսած` հանգստի գոտին անկանոն կառուցապատվեց և զրկվեց խնամքից:

«Բազմամյա ծառերը մենք շատ խնամքով պահպանելու ենք, ավելացվելու են նորերը, և միջավայրն իսկապես դառնալու է անտառային: Այն, ինչը որ մեր քաղաքում նախատեսված է եղել հենց թամանյանական նախագծով, և այն, ինչը մենք ժամանակի ընթացքում կորցրել ենք, այդ թվում նաև խորհրդային տարիներին: Այնպես որ, այդ գաղափարի հետ վերադարձը, որ Երևանը պետք է ունենա անտառապատ տարածք, մենք այդ գաղափարը պետք է վերականգնենք և նորից կյանքի կոչենք: Վստահաբար Օղակաձև զբոսայգին իր ողջ ծավալով կդառնա Երևանի թոքերը, ոնց նախատեսած էր»,- ասում է Ավետ Պողոսյանը:

Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածի հիմնանորոգման ծրագրով հանգստի գոտին կունեն աոռոգման ու արտաքին լուսավորության նոր համակարգ, կբարեկարգվեն ճեմուղիներն ու ծառուղիները, կտեղադրվեն զրուցատաղավարներ, նստարաններ ու աղբամաններ, այգու ողջ միջավայրը հարմարեցված և մատչելի կլինի հաշմանդամություն ունեցող անձանց համար:
«Այս տիպի տաղավարները, բոլոր մետաղական կոնստրուկցիաները անհիշելի ժամանակներից այստեղ ուղղակի այնքան են կուտակվել վերջին երևի 40 տարվա ընթացքում, որ այդ ամբողջը այս հատվածից դուրս է բերվելու նախևառաջ»,- նշում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը:
Օղակաձև զբոսայգին բաղկացած է 6 նախագծային հատվածներից: Ընդհանուր մակերեսը 31 հա է, որից 50-60%-ը «զբաղեցված» են տնտեսվարողների կողմից: Հանգստի գոտում այսօր 98 վարձակալ կա:

«Մենք պայմանականորեն մի քանի խմբի ենք բաժանել նրանց, և յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին բանակցություններ են ընթանում: Ունենք տնտեսվարողներ, ովքեր տիրապետում են կապիտալ շինությունների և կատարում են պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորվածությունները, երկրորդ խումբն ունի գործող պայմանագրեր, և մի մասով կատարում են իրենց պարտականությունները: Մյուս խմբում են տնտեսվարողները, որոնց պայմանագրերի ժամկետներն ավարտվել են, բայց նորից շարունակում են իրենց գործունեությունը, չորրորդ խմբում են այն տնտեսվարողները, որոնք այս պահին չունեն գործող պայմանագիր, նաև վճարումներ չեն անում, պարտավորությունները չեն կատարում: Եվ ունենք հինգերորդ խմբի տնտեսվարողներ կամ, այսպես ասած, օբյեկտներ ու տաղավարներ, որոնք առանց որևէ հիմքի գոյություն ունեն: Իմ մոտեցումն այն է, որ մենք պետք է սկսենք այդ հինգերորդ խմբից, և ինչը հնարավոր է, այգուց հանել, խոսքը միայն վեցերորդ հատվածի մասին չէ, այլև՝ ողջ Օղակաձև զբոսայգու: Բոլոր իրավական հիմքերը նախապատրաստում ենք, որպեսզի դրանք հանենք: Խումբ առ խումբ բանակցելով պետք է այգին վերադարձվի: Հիմա գործում է հանձնաժողով, որը թարմացնում է պայմանագրերը: Շատ կարճ ժամանակով են կնքվում պայմանագրերը՝ երեք տարի ժամկետով և համայնքի համար ավելի շահավետ պայմաններով: Ցանկացած պահի, երբ մեզ անհրաժեշտ լինի, մենք կարող ենք դադարեցնել այդ պայմանագիրը»,- ընդգծում է Ավետ Պողոսյանը:

Զբոսայգու՝ Տիգրան Մեծի պողոտայից Վարդանանց փողոց ձգվող բարեկարգվող հատվածն արդեն այս աշնանը նորովի, հարմարավետ ու անվտանգ կներկայանա երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին: Այգին հատված առ հատված հանրությանը վերադարձնելու քաղաքային իշխանության նախաձեռնության գործնական մեկնարկը տրված է: