Տեղի ունեցող գործընթացները, իշխանության և ԱԱԾ-ի ակտիվացումը իհարկե կապված են Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարության հետ: Այն «փաստերը», որոնք իշխանություններն օգտագործեցին Գագիկ Ծառուկյանի դեմ չէին կարող մեկ գիշերում հայտնաբերվել ու հրապարակվել:

Հայաստանի գործող իշխանությունները կանխատեսելի և պրիմիտիվ են, նրանք չեն էլ թաքցնում, որ իրենց աշխատելաոճը շանտաժի միջոցով իրենց ուզածին հասնելն է: Այս մասին այսօր Irakanum.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ իշխանության անդամների 100 տոկոսը պետք է փոխվի: Այս հայտարարությունից օրեր անց՝ հունիսի 14-ին, ՀՀ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի` Առինջում գտնվող առանձնատանը:

Ավելի ուշ Ծառուկյանին հրավիրել էին ԱԱԾ՝ հարցաքննության: Ըստ քաղաքագետի՝ Գագիկ Ծառուկյանի դեմ արշավն իշխանությունների կողմից սկսվեց այն ժամանակ, երբ բռնաբարության վերաբերյալ դատական պրոցեսի հետ կապված տվյալներ հրապարակվեցին. «Հրապարակողները ՝ ի դեմս գործող իշխանության, իհարկե ամեն ինչ արեցին, որպեսզի դա միակողմանի մեկնաբանեն ու չհրապարակեցին այն փաստը, որ եղել է Վճռաբեկ դատարանի վճիռ: Նրանք նաև չցանկացան բացահայտել, որ Վճռաբեկ դատարանի դատավորն, ով բեկանել էր Գագիկ Ծառուկյանի հանրաճանաչ քրեական գործի որոշումը ներկայիս ՀՔԾ պետի հայրն է»:

Անդրադառնալով ԲՀԿ-ի կողմից տրվող ընտրակաշառքի վերաբերյալ համացանցում տարածված լուսանկարին, Համաբրյանն ասաց, որ իշխանությունները գործում են շատ պարզունակ, բայց իրենց կարծիքով շատ արդյունավետ շանտաժի մեթոդով, ու այդ կերպ փորձում են արդյունքի հասնել: «Ուղղակի զավեշտալի է, որ Ա4 ֆորմատի թղթի վրա ինչ-որ բան են տպում և դա փորձում են ներկայացնել որպես արդարության վերջին ճիչ:

Սա աբսուրդի ժանրից է: 21-րդ դարում ենք ապրում, սակայն Ա4 ֆորմատի թղթի վրա ինչ-որ բան են տպում ու դրանով փորձում են ապացուցել, որ դա արդարություն է և վերջ»-ասաց քաղաքագետը: Համբարյանի գնահատմամբ, գործող իշխանությունը վաղուց ընդօրինակել է շանտաժի և ուժի կիրառման ձևերը. «Այն ժամանակ, երբ Էդմոն Մարուքյանն ասաց, թե հաջորդ իշխանությունն իրենք են, նրան ծեծեցին ԱԺ դահլիճում, դե Գագիկ Ծառուկյանին երևի չէին կարող ծեծել»:

Քաղաքագետն ընդգծեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա վարչակարգը «սպիտակեցնում են» «Հայաստանի հանրապետական» կուսակցությանը, և ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառքի վերաբերյալ բացահայտմամբ ստացվում է այնպես, որ ՀՀԿ-ի կառավարման տարիներին ընտրակաշառք բաժանող միակ քաղաքական ուժը ԲՀԿ-ն էր: «Այսինքն Սերժ Սարգսյանը փամփլիկ, հանգիստ նստած էր մի անկյունում, երկիր էր ղեկավարում, իսկ «Բարգավաճ Հայաստանը» միակ քաղաքական ուժն էր, որ ընտրակաշառք էր բաժանում:

Աբսուրդ է, չէ՞, բայց փաստ է: Նիկոլ Փաշինյանն իր իշխանությամբ փորձում է մեզ համոզել, որ միակ քաղաքական ուժը, որն ընտրակաշառք է բաժանել ԲՀԿ-ն է, որովհետև մինչ հիմա չգիտենք այլ քաղաքական ուժերի հետ կապված այլ բացահայտումներ»,-ասաց Համբարյանը:

Խոսելով ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին, թե կարող են տեղեկություններ հրապարակվել նաև Նաիրա Զոհրաբյանի մասին, քաղաքագետն ասաց, որ սա ևս շանտաժի օրինակ է, ապա ավելացրեց, որ շատ տգեղ է, երբ տղամարդը շանտաժ է անում կնոջը:

«Սիմոնյանի հիմքերն այնքան թույլ են, որ եթե իր հետ կապված ևս հրապարակումներ անեն, իր վիճակը շատ անմխիթար կլինի: Ալեն Սիմոնյանը պետք է հասկանա, որ «փի առշիկ» կամ սրճարանի մենեջեր չէ, պետական այր է,

ԱԺ փոխնախագահ է, թող բարի լինի բացահայտի տեղեկույթուններն ու դրանք հրապարակվեն ոստիկանության կողմից»,-ամփոփելով խոսքն ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Դե իսկ քաղաքագետ Վիգեն Հակոբյանն էլ Irakanum.am-ի հետ զրույցում նշեց, որ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձություններն ակնհայտ քաղաքական ենթատեքստ կամ դրդապատճառ ունեն:

Դիտարկմանը, թե ինչու հենց հիմա Ծառուկյանը որոշեց իշխանությանը քննադատող հայտարարություններով հանդես գալ, Հակոբյանը պատասխանեց. «Իրավիճակն այնպիսին է, որ բավականին պարարտ հող է ստեղծվել ցանկցած ընդդիմադիր ուժի համար, որպեսզի ակտիվացնի իր գործողություններն ու կոշտացնի դիրքորոշումը: Այս ամենի համար հիմք է հանդիսանում պանդեմիայի դեմ պայքարը տապալած աշխատակազմը, սոցիալտնտեսական բավականին ծանր հեռանկարներն ու կարծում եմ նաև ներքաղաքական զարգացումներում որոշակի տեղաշարժերը, որոնք ընդդիմադիր ուժերին քարտ-բլանշ տվեցին, որպեսզի կոշտացնեն իրենց դիրքորոշւմը»:

Անդրադառնալով հնարավոր ընդդիմադիր շարժման ստեղծմանը, քաղաքագետն ասաց՝ ընդդիմադիր ուժերը չեն թաքցնում, որ պարբերաբար հանդիպում են միմյանց հետ ինչ-որ օրակարգի շուրջ: «Կրող ենք կռահել այդ օրակարգը որն է, քանի որ բոլոր այդ քաղաքական ուժերը մոտ ժամանակահատվածում հայտարարում են, որ Հայաստանի իշխանությունները տապալել են ճգնաժամի դեմ պայքարը, ի վիճակի չեն էֆֆեկտիվ կառավարել ստեղծված իրավիճակում, պետք է հրաժարական տան ու ստեղծվի ինչ-որ կառավարություն»,-ասաց Հակոբյանը: Սոնա Գևորգյան