Հայաստանի ԱԳՆ լրատվական ծառայությունը հայտնում է, որ Զոհրաբ Մնացականյանը տեսակապի ձևաչափով զրույց է ունեցել Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Օլեգ Ցուլեայի հետ:

Նախարար Մնացականյանը շնորհավորել է իր մոլդովացի գործընկերոջը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություններ մաղթելով այդ կարևոր առաքելությունում։

Հայաստանի և Մոլդովայի արտգործնախարարները մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված սոցիալ-տնտեսական մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ:

Անդրադառնալով հայ-մոլդովական երկկողմ հարաբերություններին՝ զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկխոսության և համագործակցության դրական դինամիկայի կապակցությամբ և վերահաստատել փոխադարձ պատրաստակամությունը՝ գործնական քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ:

Այդ համատեքստում առանձնահատուկ կարևորվել է տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության հետագա ակտիվացումը, այդ թվում՝ փոխայցելությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման միջոցով:

Որպես փոխգործակցության առաջնային ուղղություններ՝ ԱԳ նախարարները նշել են գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության, առողջապահական ոլորտները: Նախարարներ Մնացականյանն ու Ցուլեան ընդգծել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարել են համագործակցությանը տարածաշրջանային և միջազգային ձևաչափերում, այդ թվում՝ ԵՄ Արևելյան գործընկերության, ԵԱՏՄ, ՍԾՏՀ շրջանակներում:

Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: