Իշխանությունը որեւէ դեպքում չի կարողանալու իր ձեռքի տակ եղած գործիքներով ճնշել ընդդիմության ձայնը։ Այս մասին  լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Այն կարգի է իշխանությունը կորցրել ադեկվատությունը, որ անգամ պատգամավորներին են փորձում բերման ենթարկել։ Ես չեմ ասում, որ պատգամավորների վրա անհամաչափ ուժի կիրառում է եղել այսօր եւ մի քանի ժամ է տեսանյութերը համացանցում են, գոնե սոլիդարությունից ելնելով, իշխանության խմբակցության որեւէ ներկայացուցիչ որեւէ կերպ չի արձագանքել այս ամենին։ Ուզում եմ հիշեցնել՝ բումերանգի էֆեկտն աշխատելու հատկություն ունի, որեւէ մեկը թող այսօրվա իրադարձություններից չուրախանա, երբ իրենց գործընկերներին քարշ են տալիս ասֆալտի վրայով։ Արդեն ամեն ինչ սպասում եմ իշխանությունից, անգամ օրենքը շրջանցելը։ Մենք կառաջնորդվենք քաղաքական գործիքակազմով»,- ասաց պատգամավորը։

Իվետա Տոնոյանը շնորհակալություն հայտնեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներին. «Շնորհակալություն եմ հայտնում «Լուսավոր Հայաստանի» իմ գործընկերներին, որոնք մեր կողքին են գտնվում։ Ակնկալում եմ, որ այս գործընթացում մեր ընդդիմադիր գործընկերները կլինեն մեր կողքին»։