Հայաստանի դպրոցներում դասագրքերն անվճար բաշխելու հարցում փոփոխություններ կլինեն: Այդ մասին այսօր՝ հունիսի 12-ին, հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարը, մասնավորապես, պարզաբանել է, որ նախկինում գործել է չոր հաշվարկ: Այսպես, յուրաքանչյուր դպրոց ստանում էր 10 տոկոս քվոտա: Այդկերպ, Հայությունյանի խոսքով, դպրոցները, որտեղ բարեկեցիկ ընտանիքներից երեխաների թիվը կազմում էր 90 տոկոս եւ ավելի, այդ քվոտայով դասագրքերը նույնպես ստանում էին: Ընդ որում՝ այն համայնքներում, որտեղ սոցիալապես կարիքավոր ընտանիքներից երեխաների թիվը կոնկրետ դպրոցում գերազանցում էր 10 տոկոսը, զրկվում էին անվճար դասագրքեր ստանալու հնարավորությունից:

«Այժմ կատարվելու է հետեւյալը. Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ մեկտեղ պետք է անցկացվի ուսումնասիրություն: Մենք պատրաստվում ենք հատկացնել ոչ թե հատկացնել 10 տոկոսանոց քվոտա, այլ կսահմանագծենք համապատասխան սանդղակը»,-ասել է նախարարը:

Ելնելով այդ տրամաբանությունից, ինչպես նշել է նախարարը, որոշ դպրոցներում, հավանաբար, անվճար դասագրքեր կստանա աշակերտների 2 տոկոսը, ուրիշ դպրոցներում՝ մինչեւ 40 տոկոսը: