Կորոնավիրուսի համավարակից ամենաշատը տուժած իտալական Լոմբարդիա շրջանի ղեկավարությունը հայտնել է, որ թեսթավորվածների քառորդ մասի մոտ կորոնավիրուսի հակամարմիններ են հայտնաբերվել: Այս մասին շաբաթ օրը հայտնել է Il Messaggero թերթը:

Նրա տվյալներով՝ ընդհանուր առմամբ, անցկացվել է ավելի քան 250 000 այդպիսի թեսթ: Ավելի քան 161 000 մարդու շրջանում հակամարմիններ է հայտնաբերվել 25,6%-ի մոտ: 102 000 բուժաշխատողների շրջանում այս ցուցանիշը կազմել է 12,6%: Լոմբարդիային, որը համարվում է նոր կորոնավիրուսից առաջացած համաճարակի լոկալ բռնկման կենտրոն, բաժին է ընկնում երկրում ավելի քան 236 000 վարակվածների երրորդ մասը եւ 34 000 մահվան դեպքերի կեսը։ Շրջանում դեռեւս պահպանվում է վարակի ամենօրյա տարածման ամենաբարձր մակարդակը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Իտալիայում անցկացվում է բնակչության թեսթավորման համազգային ​​ծրագիր, որը երկու ամիս կտեւի: Ինչպես ՏԱՍՍ-ի թղթակցին բացատրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գործադիր կոմիտեի Իտալիայից անդամ եւ հանրապետության առողջապահության նախարարության խորհրդական Վալտեր Ռիչարդին, ներկայում առկա տեղեկատվության հիման երկրում համավարակի ծավալների վերաբերյալ եզրակացություններ անելը դեռ վաղ է: Ընդհանուր առմամբ, հայտնի է, որ սահմանափակման միջոցառումների շնորհիվ կանխվել է կորոնավիրուսի լայն տարածումը երկրի կենտրոնական եւ հարավային շրջաններում, այնտեղ վարակի մակարդակը շատ ավելի ցածր է:

Իտալիայում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության լոկալ բռնկումը պաշտոնապես գրանցվել է փետրվարի 21-ին՝ հանրապետության հյուսիսում: Սակայն փորձագետները կարծում են, որ երկրում վիրուսը ավելի վաղ է սկսել տարածվել: