2019թ. օգոստոսի 30-ին, ժամը 21:00-ի սահմաններում, Գյումրու ՇԲՕ կայանից և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին ստացվել են բազմաթիվ ահազանգեր այն մասին, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 16/1 հասցեում գործող «Դվին» ռեստորանային համալիրից «Գյումրու ինֆեկցիոն–հակատուբերկուլյոզ հիվանդանոց» ՓԲ ընկերություն են տեղափոխվել թվով 39 քաղաքացիներ, որոնց մոտ ախտորոշվել է սննդային թունավորում:

Նշվածի կապակցությամբ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում  2019թ.օգոստոսի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվելէքրեականգործ, կատարվելնախաքննություն:

Նախաքննությամբ ձեռք  բերված ապացույցների բավարար համակցությամբ նշված ռեստորանային համալիրի մենեջեր Հ. Դ.-ին, խոհարարի օգնական Մ.Թ.-ին և խոհարար Կ. Հ.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ  քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։

Քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազըհաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործ ուղարկել Շիրակի մարզի  ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու նպատակով։

Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ԿԵ սննդամթերքի  անվտանգության  տեսչական մարմնի կողմից «Դվին» ռեստորանային համալիրում իրականացված մասնագիտական ստուգման արդյունքում արձանագրվել  են  մի շարք խախտումներ:Մասնավորապես՝ ռեստորանն ապահովված չի եղել համապատասխան քանակի սառնարանային սարքավորումներով,նախատեսված չեն եղել անհրաժեշտ հարմարություններ աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահման համար, ստուգման ժամանակահատվածում աշխատակիցները ենթարկված չեն եղել նախնական և պարբերական բժշկական զննության, ընդունվող հումքը և սննդամթերքը չեն ուղեկցվել անվտանգությունը և որակը հաստատող փաստաթղթերով և այլն:

Պարզվել է, որ ռեստորանային համալիրը սահմանված կարգով գրանցված չի եղել ՀՀ  սննդամթերքի  անվտանգության  տեսչական մարմնի սննդի շղթայի օպերատորների բազայում, ինչի պատճառով  մինչ  թունավորման վերաբերյալ ահազանգի ստացումը դրա նկատմամբ  որևէ հսկողություն չի իրականացվել:

Ոլորտը կարգավորող իրավական ակտերի և քրեական գործի նախաքննությամբ ձեռք  բերված ապացույցների և փաստական տվյալների համադրությունից  պարզ  է դարձել, որ նկարագրված  հանցագործության ծնող պատճառներ և նպաստող  պայմաններ են հանդիսացել հատկապես ոլորտը  կարգավորող վերաբերելի իրավական  ակտերի ոչ համապարփակ բնույթը։Մասնավորապես՝ըստ իրավակարգավորումների՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդի շղթայի օպերատորների բազայում հաշվառվելու պարտականությունը տնտեսվարող  սուբյեկտինն է, իսկ տեսչական մարմնի պաշտոնատար  անձանց և  հանրային ծառայողների վրա  դրված է  պարտականություն՝  ապահովելու և  իրականացնելու  հաշվառումը, խորհրդատվությունը, ռեեստրներում գրանցման աշխատանքերը: Սակայն նրանց  տրված  չէ  որևէ գործիքակազմ՝ անբարեխիղճ  տնտեսվարողներին  հայտնաբերելու, ներգործության միջոցներ կիրառելու և վարչական պատասխանատվության ենթարկելու համար։

Փաստացի  ստացվում է, որ ոչ լիարժեք  օրենսդրական կարգավորումների, տեսչական մարմնի աշխատակիցների անհետևողականության արդյունքում, բարձր ռիսկայությամբ օժտված հանրային սննդի օբյեկտը դուրս է մնում պատկան մարմնի վերահսկողությունից, ինչն  էլ իր հերթին  դառնում է  նմանատիպ  մասայական սննդային  թունավորման  դեպքերի պատճառ։

Ընդ որում, տվյալ դեպքում խոսքը վերաբերում է աչքի ընկնող,  գործունեության մեծ  ծավալներ ունեցող ռեստորանային համալիրին, որը  գործում  է Շիրակի մարզում  գրեթե  մեկ  տասնամյակ:Եվ տարակուսելի է, որ տնտեսվարող սուբյեկտի կողմից ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդի շղթայի օպերատորների բազայում հաշվառվելու պարտականությունը չկատարվելու պայմաններում հանրային սննդի օբյեկտը նաև տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի աշխատակիցների տեսադաշտից է դուրս մնացել, և միջոցներ չեն ձեռնարկվել գոնե խորհրդատվության միջոցով նշված բազայում վերջինիս ներառմանը նպաստելու ուղղությամբ:

Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տեսչության Շիրակի մարզային  կենտրոնի  աշխատակիցների միջև չկա աշխատանքի տարածքային բաժանում, ինչն էլ կարող է հանգեցնել կոնկրետ դեպքերում երկարատև բնույթ կրող խախտումների չհայտնաբերմանը, դրանց վերացման ուղղությամբ գործուն միջոցների չձեռնարկմանը և  նպաստավոր պայման հանդիսանալ բացթողումներ և խախտումներ թույլ տված  ծառայողի նույնականացնելու անհնարինության և հանցավոր դրսևորումների առաջացման համար:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ՀՀ Շիրակի մարզի դատախազությունը միջնոդրագիր է ներկայացրել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին:Միջնորդագրով առաջարկվել է նմանատիպ դեպքերը կանխարգելու, ինչպես նաև մեղավոր անձանց արարքներին լիարժեք և որոշակիության սկզբունքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու համար գործուն միջոցներ ձեռնարկել ոլորտին առնչվող իրավական կարգավորումներում անհրաժեշտ փոփոխությունները նախաձեռնելու և իրականացնելու ուղղությամբ,տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի կողմից իրենց սպասարկման գոտում կանխարգելիչ գործառույթները դարձնել առավել արդյունավետ և նախաձեռնողական, ինչպես նաև համապատասխան հիմքերի դեպքում քննարկել հնարավոր թերացումներ թույլ տրված աշխատակիցներինկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու նպատակահարմարության հարցը։