Սա կանխատեսելի էր, որովհետև հենց սկզբից կառավարությունը սխալ քայլեր է ձեռնարկել, ուշացել է, թերացել է իր աշխատանքում, դրա համար մենք օր օրի ունենում ենք ավելի շատ վարակվածներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Սամսոնյանի խոսքով՝ իշխանությունը կանխատեսել էր և երեկ էլ վարչապետն ասաց, որ սա ճգնաժամ է, հետևաբար թվերն այդպիսին են: «Բացի այդ, Արտակարգ դրության երկարացումը խոսում է նրա մասին, որ նախորդ արտակարգ դրության 30-օրյա ժամկետները իշխանությունն արդյունավետ չի օգտագործել: Նաև արտակարգ դրությունը թույլ է տալիս սահմանափակել մարդու մի շարք իրավուքններ, որը անհրաժեշտ է իշխանությանն այս պահին համավարակի դեմ պայքարում: Թե որքան են այդ սահամանափակումներն արդարացված և հասնում իրենց նպատակին, դա քննարկման այլ առարկա է»,- ասաց նա:

Նա ընդգծեց, որ, եթե այս Արտակարգ դրության ընթացքում էլ իշխանությունը չկարողացավ հաղթահարել համավարակը, ապա դա խոսում է այն մասին, որ իշխանությունն ունակ, կարող չէ լուծել այս ճգնաժամային իրավիճակը, ինչն էլ իշխանության հետագա կառավարումը դարձնում է քննարկման լուրջ առարկա: «Իշխանությունը չի կարողանում երկրի կառավարման ղեկը պտտել, չի օգտագործում իր ողջ գործիքակազմը, չի բաշխում ռեսուրսները ճիշտ, որ կարողանան հաղթահարել համավարակը»,- շեշտեց պատգամավորը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: