Վրաստանում կորոնավիրուսի տարածման վտանգի ֆոնին մինչև հուլիսի 15-ը գործելու են 10 հոգուց ավելի խմբերով հարսանիքի, հոգեհանգստի կամ թաղման արարողությունների անցկացման սահմանափակումները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Անրի Օհանաշվիլիի հայտարարությանը։

Ավելի վաղ երկրի իշխանությունները բնակչությանը կոչ էին արել խուսափել խնջույքներից և զգուշացրել էին, որ միջոցառումների ընթացքում 10 հոգուց ավելի խմբերով մարդկանց կուտակման դեպքում որպես պատժամիջոց տուգանք է կիրառվելու։

«Այս իրավունքները սահմանափակվել են մինչև հուլիսի 15-ը, հետագայում, համաճարակային իրավիճակից ելնելով, համապատասխան որոշում կկայացվի։ Հիշեցնում ենք բնակչությանը, որ ծննդյան տարեդարձ, հարսանիք, հոգեհանգիստ, կնունք անցկացնելու նպատակով ավելի քան 10 հուգուց բաղկացած խմբերով հավաքվելը պատժվում է տուգանքի միջոցով»,- խորհրդարանում հայտարարել է Օհանաշվիլին։

Նրա խոսքով՝ իրավախախտները տուգանվելու են 2 000 լարիի (մոտ 650 դոլար), իսկ իրավաբանական անձինք՝ 10 000 լարիի չափով (մոտ 3300 դոլար)։

Միևնույն ժամանակ խորհրդարանն օրենսդրական փոփոխություններ է ընդունել, որոնց համաձայն՝ Վրաստանում «դիմակի կրման» ռեժիմ է սահմանվում։ Հանրային տրանսպորտում, տաքսիներում և փակ տարածություններում դիմակ կրելը պարտադիր է դարձել նաև օրենքով սահմանված կարգով։

Դիմակ չկրելու դեպքում իրավախախտին սպառնում է 20 լարիի (մոտ 6,5 դոլար), իսկ իրավաբանական անձին՝ 500 լարիի չափով տուգանք (մոտ 165 դոլար)։