InfoPort.am-ը շարունակում է իր հետաքննությունը կապված Հայաստանի կողմից ՕՍԱ-ԱԿՄ հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռք բերման հետ:

Կայքին նոր ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել գործարքից: Եվ այսպես, ըստ ՊՆ մեր աղբյուրների, ինչպես նաև այլ հետազոտությունների արդյունքում մեզ հայտնի դարձավ, որ համակարգերը Հայաստանը միջնորդ ընկերության միջոցով ձեռք է բերել Հորդանանից:

Հորդանանը այդ ՕՍԱ-ԱԿՄ համալիրները վաճառքի էր հանել մի շարք զենքերի հետ համատեղ, մեկ փաթեթով, դրանք հիմնականում խորհրդային արտադրության տարբեր զենքեր են եղել` մասնավորապես մեծ քանակությամբ БМП-2-ներ:

Վաճառքն իրականացվել է մրցույթային կարգով 2017 նոյեմբերի 2, մրցույթը հաղթել է բուլղարական ընկերություն, որն էլ արդեն գնած զենքերը տեսակավորել է և ՕՍԱ-ԱԿՄ-ները առաջարկել է գործարար Դավիթ Գալստյանի ընկերությանը: Բուլղարական ընկերությունից ձեռք բերելով ՕՍԱ-ԱԿՄ-ները` վերջինս արդեն տեղում սկսել է դրանց նախնական տեխնիկական վերանորոգումը և նախապատրաստությունը Հայաստան տեղափոխելու համար:

Առհասարակ Դավիթ Գալստյանի ընկերությունը Հորդանանում զենքի առևտրի մեծ փորձ ունի: Հատկանշական է, որ մինչ այս Հորդանանի հետ նրա ռազմական գործարքները որևէ առնչություն չեն ունեցել Հայաստանի Հանրապետության հետ: Նյութին կից նկարները ապացուցում են այս ինֆորմացիայի իսկությունը:

Ձեռք բերված զենքերը համապատասխան մասնագետները մոտ վեց ամիս կարգի են բերել, որոշակի վերանորոգում կատարել, բերելով այնպիսի վիճակի, որ դրանք իրենց ընթացքով տեղափոխվեն և բարձրանան ինքնաթիռները:

 

ՕՍԱ-ԱԿՄ ները Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու համար օգտագործվել է տաս բեռնատար ինքնաթիռներ, որոնց համար վճարվել է 4,5 մլն ԱՄՆ դոլար: ՀՀ բերված ՕՍԱ-ԱԿՄ-ները մեր երկրում արդեն անցել են կապիտալ վերանորոգում և Հայաստանում յուրացված տեխնոլոգիաներով կատարելագործում: Այդ մասին, ի դեպ, ՊՆ ավելի վաղ հայտնել էր: Այս աշխատանքների ծախսերը, ինչպես InfoPort.am-ը գրել էր իր առաջին, հետաքննության մեջ ներառված են գործարքի արժեքի մեջ` այսինքն վերանորոգման և կատարելագործման ծախսերի համար Հայաստանի արդյունաբերական ձեռնարկություններին վճարվել է:

Այժմ անդրադառնանք այն հարցադրումներին, թե ինչու է ՀՀ-ն ՊՆ-ն գործարքը կնքելիս նախապատվությունը տվել հենց Դավիթ Գալստյանի առաջարկին:

  1. Նախ Դավիթ Գալստյանի կազմակերպության հետ դեռ տաս տարի առաջ եղել է համապատասխան պայմանագիր, որի իրականացման համար ՀՀ-ն նրան որպես կանխավճար վճարել էր շուրջ 15 մլրդ դրամ, սակայն գործարքը չէր կայացել մատակարար կողմի պատճառով (այս մասին InfoPort.am-ը նույնպես գրել էր իր նախորդ անդրադարձում):
  2. Հորդանանի կողմից առաջարկված ՕՍԱ-ԱԿՄ-երը գնային առումով եղել են ամենաէժանը: Ձեռք բերված «ՕՍԱ-ԱԿՄ»-երը մի քանի հարյուր միավոր հրթիռներով ՀՀ պետբյուջեին արժեցել են 600 000 ԱՄՆ դոլար` ներառյալ դրանց վերանորոգումն ու կատարելագործումը տեղում:

Համեմատության համար նշենք, որ այդ ժամանակահատվածում Հայաստանը համալիրների ձեռք բերման առաջարկ է ստացել նաև Բելառուսի «Белвнешпромсервис» պետական հիմնարկությունից, որով մեկ «ՕՍԱ-ԱԿ»-ի գինը սահմանված է եղել 10.3 մլն ԱՄՆ դոլար:

«ՕՍԱ-ԱԿ» զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելու առաջարկ ՀՀ-ն ստացել նաև Ռուսաստանից (խոսքը վերաբերել է անվճար համալիրներին): Սակայն առաջարկվող համալիրների մնացորդային ռեսուրսները հիմնովին վերանորոգման կարիք են ունեցել: Ինչը գնային առումով վերջնահաշվարկում ավելի թանկ կլիներ երկրի համար, որակական առումով էլ` խնդրահարույց:

  1. Հորդանանի կողմից առաջարկված ՀՕՊ-երը տեխնիկական առումով եղել են ամենաթարմը: Մասնագետները լավ գիտեն, որ Հորդանանը այս զենքերը գրեթե չի օգտագործել: Ըստ ոլորտի գիտակների, Հորդանանը, որը իր սպառազինության մեծ մասը գնում է արևմտյան երկրներից, մշտապես որոշակի զենքեր գնել է նաև ԽՍՀՄ-ից ու ՌԴ-ից, և համեմատած շատ այլ արաբական երկրների դրանք լավ է պահպանում և քիչ շահագործում:
  2. Հորդանանից բերված ՕՍԱ-ԱԿՄ-ների հետ բերվել է մեծ քանակի լրացուցիչ սարքավորում և պահեստամասեր, որի ծախսերը նույնպես ներառված են գործարքի ընդհանուր գումարի մեջ: Այս մասին մենք ևս գրել էինք մեր նախորդ անդրադարձում:

ՊՆ-մեր աղբյուրները նշում են, որ այս և բազում այլ մրցույթային գործարքներ իրականում շատ դժվար են իրականացվում, որպես կանոն ոչ փորձառու ընկերությունները հաճախ ցածր գներով հաղթում են տարբեր մրցույթներում, այդ թվում նաև զենքերի մատակարարման ոլորտում, սակայն հետո դրանց մատակարարման հետ բազում խնդիրներ են ի հայտ գալիս, դատական հայցեր և այլն: Հիշեցնենք, որ նման դատական գործերն ու մատակարարման խնդիրները մենք ևս լուսաբանել ենք: