Վիճակը շատ տխում է եւ կարեւորն այստեղ այն է, որ մենք կարողանանք սթափ գնահատական տան, թե ինչ գին ենք վճարում համաճարակի համար: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում արտակարգ դրության ռեժիմը եւս մեկ ամսով երկարաձգելու հարցի քննարկման ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Երկու սցենար կա. մեկը՝ նայենք, հասկանանք, թե արդյոք ճիշտ է գնում ընդհանրական սցենարը, բայց որոշ նախարարներ, որոշ կառույցների ղեկավարներ իրենց գործառույթները լավ չեն կատարում, մեղմ ասած: Անպայման պետք է գնահատական տանք, խորհրդարանն էլ պետք է իմանա, թե ով ինչ չի արել»,-ասաց նա՝ հավելելով, թե արդյոք համավարակի հետ կապ ունեին վերջին շրջանի կադրային փոփոխությունները եւ որքանով կապ ունեին:

«Հենց այնպես ազատելով չի, նաեւ պատասխանատվության ինստիտուտ պետք է լինի»,-ընդգծեց պատգամավորը:

Երկրորդը, ըստ Մելքումյանի, այն է, որ գուցե մարդիկ իրենց աշխատանքը լավ են անում, բայց սցենարը ճիշտ չի հաշվարկած. «Պետք է սթափ գնահատական տալ մենեջմենտի որակին, որը հեշտ բան չի: Մենք որպես ընդդիմադիր ուժ իրավունք ունենք մեր քննադատությունը հնչեցնելու: Ես մի համեմատություն էի բերել. Ենթադրենք մի մեծ մեքենայի մեջ նստած ժողովուրդը գնում է, վարողները մի պահի հասկանում են, որ արգելակները լավ չեն աշխատում: Ասում ենք՝ մի հարմար պահի կանգնենք, արգելակները ուղղենք, որովհետեւ ոլորաններ կան, փոսեր կան: խոսքն այդ մտահոգության մասին է: Քանի որ վերջին շաբաթներին վարակակիրների թիվը շատացավ, շատ իրավացի դժգոհություն է, որ հասկանանք, թե ով ինչ չի անում»,-ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Նա հիշեցրեց, որ մի կարեւոր օրինագիծ էր բերվել խորհրդարան, բայց կառավարության ներկայացուցիչն ասաց, որ հաշվարկները դեռ չեն արել. «Այս պայմաններում չէր կարելի՞ ամբողջ գիշեր նստել այդ հաշվարկները անել, ոչ թե մերժենք, օրինագիծը գնա հետ: Սա նշանակում է, որ հակաճգնաժամային վիճակում կառավարության օպերատիվությունն այնքան էլ չի հերիքում»: