ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ներն ու լայն հանրությունը սխալ են մեկնաբանել մեջբերումը, որը նա արել էր Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ բռնկված անկարգությունների մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Խոսքը վերաբերում է նախագահի գրառմանը, որը Twitter-ի ղեկավարությունը նշել էր որպես բռնությունն արդարացնող արգելքի խափանում: Իսկ Facebook սոցցանցի վարչակազմն էթիկական կոդեքսի խախտում չէր հայտնաբերել այդ գրառման մեջ: Դրանում ԱՄՆ նախագահն անվանել էր անկարգությունների մասնակիցներին հանցագործներ եւ նախազգուշացրել, որ «ցանկացած բարդությունների դեպքում» ԱՄՆ դաշնային իշխանություններն իրավիճակն իրենց հսկողության տակ կվերցնեն: Նա մեջբերել էր հայտարարությունն այն մասին, որ «երբ սկսվում է թալանը, սկսվում է նաեւ հրաձգությունը»:

Հարցազրույցի ժամանակ լրագրող Հերիս Ֆոլքերը խնդրել է Սպիտակ տան ղեկավարին պարզաբանել իրավիճակը, քանի որ ԶԼՄ-ները, քաղաքական գործիչներն ու հանրությունը վերագրել են այդ մեջբերումը Ուոլթեր Հեդլիին, որը 1967 թվականին գլխավորել է Մայամիի ոստիկանությունը եւ արդարացրել զանգվածային ցույցերը ճնշելու կոշտ մեթոդները: Ուստի այդ արտահայտության մեջ շատերը դիտարկել էին խաղաղ ցուցարարների հետ հաշվեհարդար տեսնելու թաքնված սպառնալիք:

ԱՄՆ նախագահը պարզաբանել էր, որ նկատի ուներ 1970-ականներին Ֆիլադելֆիայի քաղաքապետ Ֆրենկ Ռիզոյի մեջբերումը. «Երբ տեղի է ունենում թալան, ապա, հավանաբար, տեղի կունենա նաեւ հրաձգություն: Դա սպառնալիք չէ, դա փաստ է, քանի որ նախադեպեր կան»,-ասել է Թրամփը:

Ամերիկյան ԶԼՄ-ները պարզել են, որ Ֆիլադելֆիայի այդ քաղաքապետը, որն իսկապես տարբերվում էր անողոք բնավորությամբ, այդ խոսքերը չի նշել: