ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ ԱԺ հատուկ նիստում յուրօրինակ եզրափակիչ ելույթ ունեցավ:

Նա սկզբում նշեց, որ այս պահին չի պատասխանելու, չի արձագանքելու պատգամավորների ելույթներին ու հարցադրումներին, թեեւ դրանք շատ կարեւոր են: Փաշինյանն ընդգծեց, որ դրա փոխարեն ինքը հանդես է գալիս ՀՀ բոլոր քաղաքացիներին ուղղված կոչով:

«Խոսում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

Սիրելի հայրենակիցներ, ՀՀ-ում կորոնավիրուսի համաճարակ է, բոլորիդ կոչ եմ անում կրել դիմակներ եւ դրանք հանել միայն սնվելիս: Դիմակը պետք է կրել այնպես, որ այն փակի ձեր քիթը եւ բերանը: Պարբերաբար ախտահանեք ձեր ձեռքերը եւ չախտահանված ձեռքերով մի դիպեք դեմքին: Պահպանեք սոցիալական հեռավորություն եւ բացառեք առանց դիմակի շփումը ձեր ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ:

Սիրելի հայրենակիցներ, կրեք դիմակներ եւ դրանով կփրկեք 100-ավոր կյանքեր: Դիմակները անհրաժեշտ է  փոխել 3-4 ժամը մեկ: Կարող եք օգտագործել ոչ միայն գործարանային արտադրության, այլեւ ձեր կողմից պատրաստված դիմակներ, որը պետք է ամեն օրվա վերջում լվանալ, ախտահանել եւ հաջորդ օրը նորից օգտագործել:

Սիրելի հայրենակիցներ, շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն քաղաքացիներին, որոնք պահպանում են հակահամաճարակային կանոնները, որոնք անսալով իմ կոչին կպահպանեն հակահամաճարակային կանոնները»,-հայտարարեց վարչապետը:

Այս կոչը Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից կրկնեց 6 անգամ, ապա հավելեց. «Հակահամաճարակային այս իրավիճակից ելքը կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դու ես: Եվ այդպես 1+1+1 եւ հարյուր հազարավոր, միլիոնավոր քաղաքացիների ջանքերով, որոնք պահպանում են հակահամաճարակային կանոնները, առանց տուրք տալու էժան ապատեղեկատվությանը, ստահոդ լուրերին, եւ մենք միասին կհաղթենք: Եվ ուրեմն կեցցե Ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցենք մենք եւ մեր երեխաները, որ պետք է ապրենք ազատ, երջանիկ եւ կորոնավիրուսից զերծ Հայաստանում»: