Գյումրիում քամու հետևանքով վնասված շենքերի մի քանիսի տանիքների նորոգումները համատիրություններն արդեն սկսել են։ Վնասված շենքերի թիվը 100-ից ավելին է։

Չափագրումներն ու հետևանքների վերացման համար պահանջվող ֆինանսների հաշվարկները համատիրությունները ներկայացրել են քաղաքապետարան։ Ծախսերի մի մասը համատիրություններն իրենց հավաքագրումների հաշվին են կատարում, մնացածը՝ քաղաքի բյուջեի հատկացումներով։

Վնասներ կրած շենքերը 18 համատիրությունների սպասարկման տարածքում են, որոնք էլ տեղական բյուջեից գումարներ կստանան վնասվածության աստիճանի չափով։ Ըստ այդմ՝ ավագանու որոշմամբ՝ Գյումրիի 21 համատիրությունից 18-ին վնասված շենքերի տանիքների ու մուտքերի նորգմանն ուղղված բյուջեն կազմում է 29 մլն 400 հազար դրամ։

Տեղական բյուջեից համատիրություններին հատկացված գումարի մեծ բաժինը Կենտրոն համատիրությանն է՝ 10 մլն դրամ։ «Կենտրոն» համատիրության շենքերի կառուցման տարեթվերը սկսվում են 1800-ականներից, հասնում մինչև 1970-ականներ։ 100-ամյա շենքերի մեծ մասում նորոգումներ չեն կատարվել: Շուրջ 230 շենք է սպասարկում, կեսից ավելին տարբեր աստիճանի վթարայնության են, մի մասի տանիքները՝ վատ վիճակում։ Իսկ երկու շաբաթ առաջ ուժեղ քամին կրկնակի է վնասել քայքայված տանիքները՝ հասցնելով 4 մլն 400 հազար դրամի։

Շիրակացի 66 շենքի տանիքի մի մասը երկու շաբաթ առաջ ուժեղ քամին էր քշել։ Տանիքի վնասված հատվածի չափագրումներն հենց հաջորդ օրն էին արվել։

1000 քառակուսի մետր մակերեսով տանիքի 100 քառակուսի մետրը քամին պոկել է։ Հետևանքներն արդեն վերացնում են։ Կոտրված փայտյա կոնստրուկցիաներն արդեն համատիրությունը փոխել է, հերթը թիթեղյա ծածկին է հասել։ Մեկ միլիոն դրամ համատիրությունն է ծախսում վերանորոգման համար՝ բնակիչների վճարումներից գոյացած գումարից է,  բայց եռակին է անհրաժեշտ, որպեսզի 100 քառակուսի մետր մակերեսով տանիքի աշխատանքներն ավարտեն։

2 մլն դրամ էլ համատիրությանը հատկացվելու է տեղական բյուջեից։