ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է վերսկսել իր նախընտրական հանրահավաքների անցկացումը: Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ԱՄՆ առաջնորդն այս մասին ասել է լրագրողներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Reuters գործակալության տեղեկություններով՝ Թրամփը հստակեցրել է, որ այդպիսի առաջին միջոցառումը տեղի կունենա հաջորդ ուրբաթ Թալսում (Օքլահոմա նահանգ): Դրանից բացի, նախատեսվում է հանրահավաքներ անցկացնել Ֆլորիդա, Արիզոնա եւ Հյուսիսային Կարոլինա նահանգներում:

Politico պարբերականն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Թրամփը պատրաստվում է իր կողմնակիցների առջեւ ելույթները վերսկսել առաջիկա երկու շաբաթում: Վերջին անգամ նման հանրահավաք անցկացվել էր մարտին, որոնք դադարեցվել էին համավարակի ֆոնին:

Ջոն Հոփքինսի համալսարանի տեղեկություններով, որը հաշվարկները կատարում է դաշնային եւ տեղական իշխանությունների տվյալների հիման վրա, ԱՄՆ-ում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման գրեթե 2 մլն դեպք, մահացել է 112 հազարից ավելի մարդ: Ներկայումս ամերիկյան նահանգների իշխանություններն աստիճանաբար մեղմում են համավարակով պայմանավորված սահմանափակումները: