Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապի միջոցով որպես բանախոս մասնակցել է հեղինակավոր CogX2020 «Համաշխարհային առաջնորդության գագաթաժողով եւ արհեստական բանականության ու նոր տեխնոլոգիաների փառատոն» համաժողովին, որն այս տարի անցկացվում է վիրտուալ տիրույթում: Համաժողովը կազմակերպվել է CognitionX ընկերության կողմից՝ Microsoft, UI Path, Elutions, QuantumBlack եւ IBM ընկերությունների հետ համագործակցությամբ:

Հայաստանի նախագահի ելույթին հետեւել են ավելի քան 50 հազար ունկնդիրներ: Միջազգային հեղինակավոր այս հարթակը միավորում է համաշխարհային առաջնորդների, խոշորագույն ընկերությունների ղեկավարների, գիտնականների, տեխնոլոգիաների, արհեստական բանականության, արվեստի եւ այլ ոլորտների հայտնի ներկայացուցիչների: CogX2020-ի բանախոսների թվում են նաեւ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերին, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Սամանտա Փաուերը եւ այլք: Աշխարհի տարբեր երկրներից շուրջ 600 բանախոսներն ու ավելի քան 30 հազար մասնակիցները ներկայացնում եւ քննարկում են Covid-19 համավարակին ու առողջապահական ոլորտին, կիբերանվտանգությանը, արհեստական բանականությանը, տնտեսությանն ու աշխատաշուկայի ապագային վերաբերող խնդիրները՝ փորձելով պատասխանել միջոցառման հիմնական՝ «Ինչպե՞ս ճիշտ ապրել հետագա 10 տարիներին» հարցին:

Հանրապետության նախագահը նույնպես խոսել է համավարակի առաջացման պատճառների, աշխարհի զարգացման միտումների, կրթության դերի, փոքր երկրների հնարավորությունների եւ այն քայլերի մասին, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել հետագայում՝ փոփոխվող աշխարհի մարտահրավերներին դիմակայելու համար:

Անդրադառնալով համավարակին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ այն վերջինը չի լինի, ուստի պետք է սովորել դիմակայել դրանց եւ առավել պատրաստ լինել: «Վիրուսները մեզ հետ են եղել հազարավոր տարիներ, եւ մենք դրանց հետ ապրել ենք, պայքարել դրանց դեմ։ Շատ վիրուսներից բուժվելու միջոցները նույնիսկ այսօր չունենք, եւ պետք է սովորենք ապրել դրանց հետ։ Սակայն կորոնավիրուսի դեմ պայքարելու հիմնական ձեւը, ինչպես հարյուր տարի առաջ էր, սոցիալական հեռավորություն պահպանելն է։ 21-րդ դարում հնարավոր չէր խուսափել այս ամենից։ Մենք ապրում են շատ արագ աշխարհում, որում մեր կյանքը կիսով չափ վիրտուալ է, կիսով չափ՝ իրական: Մենք կենտրոնացած ենք մեծ քաղաքներում, մեծ առեւտրի կենտրոններում, ճանապարհորդում ենք մեծ ինքնաթիռներով, հասցրել ենք վնասել բնությանը։ Ես չեմ կարծում, որ աշխարհը փոխվել է կորոնավիրուսի պատճառով։ Աշխարհը փոխվում էր վերջին մի քանի տասնամյակներում։ Մենք դա չէինք նկատում։ Չէինք նկատում, որ սա բոլորովին ուրիշ աշխարհ է, եւ կորոնավիրուսը պարզապես արագացրեց այդ գործընթացը,-նշել է նախագահն՝ ավելացնելով, որ Հայաստանը նույնպես եզակի չէ։ -Լուծումները գրեթե նույնն են, ինչ մյուս երկրներում»։

Նշելով, որ կորոնավիրուսը փոփոխությունների պատճառը չէ, այն փոփոխվող աշխարհի հետեւանք ու արդյունք է՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ նոր աշխարհում շատ ռիսկեր անկանխատեսելի են եւ շատ ավելի արագ են տարածվում։ «Դրանց դեմ պայքարելու ձեւերը դասական չեն, որոնք մենք կիրառում էինք 50 կամ նույնիսկ 30 տարի առաջ։ Մենք պետք է վերանայենք, թե ինչպես ենք պայքարում համավարակների դեմ այս նոր աշխարհում,-ասել է նախագահը: -Մենք ապրում ենք աշխարհում, որը միավորված է։ Գաղափարները, հաշվարկները, սկզբունքները, փիլիսոփայությունը, որոնք մենք կիրառում ենք բնության մեջ, շատ դեպքերում կարող ենք կիրառել նաեւ մարդկության համար։ Մենք տարանջատված չենք, մենք չենք ապրում բնությունից տարբեր տրամաբանությամբ»։

Նախագահի խոսքով՝ նոր աշխարհ մուտք գործելու եւ նոր մարտահրավերներին դիմագրավելու համար պետք է շատ բաներ վերարժեւորել: «Շատ բաներ դառնալու են առավել կարեւոր, նախ եւ առաջ՝ առողջապահությունը։ Ուստի մենք պետք է ավելի շատ ժամանակ, էներգիա, գումար եւ ջանքեր ներդնենք այս ոլորտը զարգացնելու համար։ Մենք պետք է ավելի շատ գումար ծախսենք կենսաբանության եւ կենսաբանական տեխնոլոգիաների վրա։ Նաեւ շատ կարեւոր է, թե մենք ինչպես ենք վերաձեւավորելու մեր տնտեսությունը, որոնք են լինելու այն գրավիչ ոլորտները, որտեղ մարդիկ ներդրումներ կկատարեն,-ընդգծել է նախագահ Սարգսյանը: -Կորոնավիրուսը շատ ու շատ հարցեր է ի հայտ բերել։ Այն մեզ ստիպում է մտածել մեր մոլորակի, մեր երկրի, մեր ընտանիքի ապագայի մասին։ Որտե՞ղ պետք է մենք գումար ներդնենք։ Միանշանակ, ապագայում արհեստական բանականությունն ունի կարեւոր տեղ։ Վերջինս, այլ հայտնագործությունների հետ մեկտեղ, մոլորակի ապագայի շարժիչ ուժերից է, ինչպես օրինակ՝ էլեկտրականության, համակարգիչների հայտնագործումը։ Մենք չպետք է վախենանք դրա ազդեցությունից, այլ փորձենք զարգացնել այդ ոլորտը, քանի որ դա կտրուկ փոխելու է աշխարհի ապագան։ Գիտությունը եւ տեխնոլոգիաները նոր գաղափարներ են ի հայտ բերելու։ Այս փոփոխությունների միջուկը լինելու է արհեստական բանականությունը։ Թե՛ գյուղատնտեսության, թե՛ առողջապահության ոլորտներում մի շարք փոփոխություններ են լինելու, որոնց մասին մենք չէինք էլ կարող երազել»։

Պատասխանելով գիտության եւ տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced tomorrow) նախաձեռնության մասին հարցին՝ նախագահը նշել է, որ երազում է, որ Հայաստանը դառնա զարգացած երկիր. «ATOM նախաձեռնության նպատակն է խրախուսել, որ Հայաստանը դառնա արհեստական բանականության ոլորտում աշխարհի առաջատար երկրներից մեկը։ Դրա բաղադրիչներից մեկը նախ եւ առաջ կրթությունն է։ Դու չես կարող նոր տեխնոլոգիաներ զարգացնել առանց երիտասարդ սերնդին կրթելու եւ ներգրավելու։ Երկրորդ բաղադրիչը ստարտափների մշակույթն է։ Աշխարհն արդեն իսկ դառնում է ստարտափների վայր։ Եթե դիտարկում ենք մեծ կազմակերպությունները, դրանք բոլորն էլ նոր գաղափարների ստարտափներ են։ Նույնը տեղի է ունենալու նաեւ ապագայում, քանի որ սա քվանտային գործընթաց է։ Պետք է աջակցել այն անհատներին կամ խմբերին, որոնք կարող են նոր գաղափարներով հանդես գալ եւ փոխել աշխարհը։ Իմ երազանքն է աշխարհի հեղինակավոր ընկերությունների հետ, ինչպիսիք են, օրինակ, Thales Group-ը, Dassault Systemes-ը, Siemens-ը, ստեղծել փոքր լաբորատորիաներ, դրանց միջոցով կրթել երիտասարդներին այս ոլորտում, ինչպես նաեւ ֆինանսապես աջակցել նրանց՝ հետագա գործունեության համար»։

Նախագահ Սարգսյանն ասել է, որ այսօր փոխվել են սովորելու ձեւերը, փոխվել է կենսակերպը, էլեկտրոնային կառավարումը դարձել է մեր կյանքի մասը։ «Սա ավելի շատ վերածննդի ժամանակաշրջան է,-նշել է նախագահը: Սա անհատների ժամանակն է, որը կմիավորի մարդկային որակները՝ սկսած մշակույթից, գիտությունից, տեխնոլոգիաներից, ինչես նաեւ մարդկային արժեքները։ Եթե դուք ունեք նոր առաջնորդներ, որոնք այս խոցելի նոր աշխարհում զուրկ են բարոյականությունից, բարոյական արժեքներից, ապա մեծ դժվարությունների առջեւ կկանգնեք։ Մենք պետք է նաեւ նրանց սովորեցնենք լինել պատասխանատու առաջնորդներ, պատասխանատու իրենք իրենց, իրենց ազգի, ընտանիքի, բնության առջեւ:

Բարոյականությունը կրոնի, ընտանեկան արժքների հետ մեկտեղ պետք է կրթության մաս կազմի։ Լինելով մեկը, որը գովաբանում է քվանտային աշխարհը, ես շատ դասական եմ, երբ խոսքը արժեքների մասին է։ Դա մեծ կարեւորություն ունի, քանի որ կրթության այս շղթայում կարեւոր է չշեղվել այն ուղուց, թե ով ես դու, որտեղից ես գալիս։ Կարեւոր է ստեղծել նոր արժեք, որը հիմնված կլինի ձեր ազգի, ընտանիքի եւ անձամբ ձեր ժառանգության վրա, ու զարգացնել ինչ-որ նոր բան»։

Կարեւորելով կրթության դերը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ այս նոր աշխարհում կրթության ոլորտում ներդրում կատարելը պարտադիր անհրաժեշտություն է. «Աշխարհի լավագույն համալսարաններին կամ դպրոցներին հասանելիությունը պետք է լինի ամենուր։ Հեռավոր գյուղերի աշակերտները կարող են նույն կրթությունը ստանալ, եթե համակարգը դա թույլ է տալիս, կամ եթե մենք ջանքեր ենք ներդնում այդ ուղղությամբ, օրինակ՝ կազմակերպելով լավագույն դասերը մաթեմատիկայի, ֆիզիկայի, պատմության լավագույն դասախոսների, ուսուցիչների մասնակցությամբ։ Անշուշտ, յուրաքանչյուրը պետք է ամենալավին մոտենալու հասանելիություն ունենա աշխարհում։ Երբ մենք խոսում ենք մարդկային արժեքների մասին, ապա կարեւոր է հիշել, որ մեզ առաջ է մղում ժամանակը։ Դուք ինչ-որ տեղ սկսում, ինչ-որ տեղ ավարտում եք ձեր կյանքը, մշտապես մտածում եք ապագայի, ձեր ազգի, ընտանիքի, երեխաների ապագայի մասին։ Կրթության ոլորտում ներդրում կատարելը պարտադիր անհրաժեշտություն է։ Եթե դու աղքատ երկիր ես եւ ուզում ես փոխել իրավիճակը, ապա դա հնարավոր է միայն կրթության միջոցով։ Մոլորակը գնալով ավելի ու ավելի շատ է դառնում բնական հարստության վրա չհիմնված։ Եթե դիտարկում ենք մեծ ընկերությունները, ապա դրանք գաղափարի, տեղեկատվական տեխնոլոգիաների կազմակերպություններ են։ Ուստի ապագան գնալով ավելի ու ավելի շատ է հիմնված լինելու տեխնոլոգիաների վրա։ Հետեւաբար, աղքատության դեմ պայքարի լավագույն ձեւը կրթական ոլորտում ներդրումներ կատարելն է։ Կրթությունը պարտադիր է, եւ այս աշխարհը մեծ հնարավորություններ է տալիս դրա համար»։

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է իր մեկ այլ գաղափարի՝ փոքր երկրների ակումբի ստեղծման հնարավորությանը։ «Եթե գերտերությունները կարող են ազդեցություն ունենալ այս աշխարհում, ապա ինչու՞ նույնը չեն կարող անել փոքր երկրները։ Վերջերս իմ այս գաղափարի մասին խոսել եմ փոքր, բայց հաջողակ երկրների ղեկավարների հետ, մասնավորապես՝ Սինգապուրի վարչապետի, Կատարի էմիրի, ԱՄԷ-ի առաջնորդի, Իսրայելի նախագահի։ Այս բոլոր երկրներում կարելի է նկատել տեխնոլոգիաների եւ նոր մտածողության կարեւորությունը։ Ես ուզում եմ Հայաստանը տեսնել որպես ստարտափային ազգ։ Մեր երկիրը փոքր է, բայց մենք համաշխարհային ազգ ենք, եւ մեր երկիրը կարող է լինել հաջողակ եւ ազդեցիկ,-նշել է Արմեն Սարգսյանը եւ պարզաբանել։ -Սա տնտեսական, աշխարհաքաղաքական, ռազմական հարցերի քննարկման ակումբ չէ։ Սա ակումբ է, որտեղ մենք կարող ենք կիսել արժեքներ ու գաղափարներ եւ համախմբվել միմյանցից սովորելու համար։ Մենք պետք է համախմբվենք ոչ թե ինչ-որ մեկի դեմ գործելու համար, այլ՝ հանուն այս մոլորակի։ Ակումբը նպատակ չունի փոխարինել կամ այլընտրանք լինել որեւէ միջազգային կազմակերպության։ Ակումբի նպատակը պետք է լինի համախմբել փոքր, բայց հաջողակ երկրներին, ներկայացնել գրանցած ձեռքբերումները, ապագայի տեսլականը եւ օգնել միմյանց։ Եթե մենք մտածենք որեւէ կազմակերպության փոխարինելու մասին, մեր գաղափարը կձախողվի։ Մենք պետք է աջակցենք արդեն իսկ գործող կազմակերպություններին»։