Այսուհետ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում կգործեն «Հայրենիք» կուսակցության և հիմնադրամի մարզային գրասենյակները։ Բացման պաշտոնական արարողությանը մասնակցել են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, խորհրդի անդամներ Խաչիկ Գալստյանն ու Նարինե Ադոնցը։

Շնորհավորելով կուսակցության շարքերը համալրած գործընկերներին՝ Արթուր Վանեցյանը ներկայացրել է կուսակցության մոտեցումները` երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման, ճգնաժամից դուրս գալու ուղիների, ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերի հետ համագործակցության վերաբերյալ։

Կառավարության, նրա ղեկավարի հրաժարականի պահանջով հասարակական-քաղաքական լայն համախմբման և ազգային համաձայնության հակաճգնաժամային նոր կառավարության ձևավորման հարցի վերաբերյալ «Հայրենիք» կուսակցության նախագահը վերահաստատել է իր և կուսակցության պատրաստակամությունը հանդիպել և խորհրդակցություններ անցկացնել ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների հետ։