ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆին:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

««Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահի բարձր եւ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մաղթում հաջողություններ Ձեր առաքելության իրականացման գործում:

Մեծ ավանդ ունենալով Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության, անվտանգության, ինչպես նաեւ Թեհրանի կառավարման ոլորտներում` վստահաբար օրենսդիր իշխանության ղեկավարի պաշտոնում եւս Դուք ակնառու ձեռքբերումներ կունենաք:

Հայաստանը մեծապես կարեւորում է մեր երկրների միջեւ գոյություն ունեցող դարավոր բարեկամական կապերն ու ջերմ հարաբերությունները: Այսօր մեր երկրների հարաբերությունների ընդհանուր օրակարգն ընդգրկում է շփումների լայն շրջանակ` մշակութային եւ միջկրոնական կապերից մինչեւ տնտեսական փոխգործակցություն:

Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի եւ Իրանի միջեւ  միջխորհրդարանական փոխգործակցությունը կշարունակի իր վերընթաց ուղին եւ նոր լիցք կհաղորդի մեր երկու երկրների միջեւ առկա համագործակցությանը` ի նպաստ մեր պետությունների եւ ի բարօրություն հայ եւ իրանցի բարեկամ ժողովուրդների:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում»: