ՀՀ առողջապահության նախարարությունը դիմել է ՀՀ արտգործ նախարարություն, որպեսզի վերջինս արտերկրում Հայաստանի դեսպանատների հետ քննարկի կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին լրացուցիչ աջակցություն տրամադրելու հնարավորությունը։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Հարցին, թե, մասնավորապես, ի՞նչ աջակցության մասին է խոսքը, խոսնակը պատասխանեց. «Աջակցության տարբեր ուղղություններով ենք դիմել, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակի շրջանակում»։

Հարցին՝ թե կոնկրետ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում արտերկրից ինչ աջակցություն է անհրաժեշտ Հայաստանին, Ալինա Նիկողոսյանն ասաց, որ այդ հարցին կպատասխանի գրավոր։

Նշենք, որ ըստ yerevan.today-ի՝ ՀՀ ԱՆ-ն դիմել է ՀՀ ԱԳՆ-ին՝ հրատապ կարգով դեսպանների հետ քննարկել արտասահմանցի բժիշկների հրավիրելու տարբերակները՝ հետեւյալ մասնագետների կազմով՝ ռեանիմատոլոգներ, համաճարակաբաններ, ինֆեկցիոնիստներ, ՊՇՌ տեստավորողներ: