Այսօր՝ հունիսի 11-ին, հայ ծանրամարտիկ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Հոկսեն Միրզոյանի ծննդյան օրն է։

Հոկսեն Միրզոյանը ծնվել է 1961 թվականին, Սիսիանի շրջանի Անգեղակոթ գյուղում։ 1965 թ. ընտանիքով տեղափոխվել է Էջմիածնի շրջանի Բաղրամյան գյուղ։ 1977 թ. սկսել է պարապել ծանրամարտ մարզիչ Աշոտ Վիլասյանի ղեկավարությամբ և 1978 թ. լրացրել է ԽՍՀՄ սպորտի վարպետի նորման։ 1981 թ. նա հաղթեց երիտասարդների աշխարհի առաջնությունում և հրավիրվեց ԽՍՀՄ հավաքական։

1982 թ. նա նվաճեց ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը։ Այդ հաջողությունը նա կրկնեց նաև 1983, 1988 և 1991 թվականներին։

1983 թ. նա հաղթեց մեծահասակների աշխարհի առաջնությունում՝ սահմանելով նոր համաշխարհային ռեկորդներ հրում վարժությունում և ընդհանուր հաշվարկում։

Համարվում էր 1984 թ. Լոս Անջելեսում կայանալիք օլիմպիական խաղերի ֆավորիտ, սակայն չկարողացավ մասնակցել խաղերին, քանի որ խորհրդային մարզիկները ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի որոշմամբ բոյկոտեցին խաղերը։ Փոխարենը նրանք մասնակցեցին Բարեկամություն-84 միջազգային մրցաշարին, ուր Միրզոյանը երկու անգամ բարելավեց համաշխարհային ռեկորդը պոկում վարժությունում։

1988 թ. Սեուլում անցկացված օլիմպիական խաղերում երկրորդն էր, սակայն հաղթող ճանաչված բուլղարացի ծանրորդ Միտկո Գրաբլևը օգտագործել էր արգելված խթանիչներ, և ոսկե մեդալը փոխանցվեց Միրզոյանին։

1991 թ. նա ավարտեց իր ելույթները և անցավ մարզչական աշխատանքի։ 1998-2004 թթ. եղել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ և ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։

2004 թ. ընտրվել և մինչ այժմ հանդիսանում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ։ Երևանի ծանրամարտի մարզադպրոցի տնօրենն է։ Մարզում է իր որդուն՝ Առաքել Միրզոյանին և եղբորորդուն՝ Արայիկ Միրզոյանին։

Պարգևներ և կոչումներ

ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1984)։
Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ (1998)։
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2013)[1]։