«Միանգամից երեք ուժային գերատեսչությունների ղեկավարներ են աշխատանքից ազատվել հորինված պատճառով, հայերի մեծ մասը նման գործողությունները չի աջակցի», — ռուսական «ВЗГЛЯД»-ին ասել է քաղաքագետ Վլադիմիր Լեպեխինը՝ մեկնաբանելով կարանտինի խախտման պատճառով ուժային կառույցների ղեկավարներին պատժելու ՀՀ վարչապետ Փաշինյանի որոշումը:

«Հայաստանի բնակիչների մեծ մասը չի աջակցի հրաժարականների վերջին շարքը, քանի որ հասարակության մեջ կա բավականին լուրջ պառակտում: Վարչապետի ժողովրդականությունը մի քանի ամիս է՝ անկում է ապրում», — ասել է ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպեխինը: — Ժողովրդականության անկումը պայմանավորված է համաճարակի ընթացքում Փաշինյանի անփույթ գործողություններով, ինչպես նաև կադրային անարդյունավետ քաղաքականությամբ: Վարչապետը կա՛մ նշանակում է նախարարներ, կա՛մ շատ շուտ աշխատանքից հեռացնում նրանց: Փոքր երկրում վրդովմունքն արագորեն աճում է: Ընդդիմադիր տրամադրություններն ուժեղանում են այլընտրանքային էլիտաներում՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի շրջապատից»:

Ըստ Լեպեխինի, Սարգսյանի թիմի նախարարները, ինչպես նաև նրա Հանրապետական կուսակցության ակտիվիստները «ոչ մի տեղ չեն գնացել» և տրամադրված են ռևանշի, նրանք հետևում են Փաշինյանի յուրաքանչյուր սխալին: «Կա ապարատային դավադրության սպառնալիք, խմբերի համախմբում, որոնք կարող են գործող վարչապետի շուրջ նույն իրավիճակը ստեղծել, որը ստեղծվել էր Սարգսյանի դեմ: Հետևաբար, կադրային վերջին որոշումները բացատրվում են ոչ թե Գլխավոր շտաբի աշխատանքով, այլ՝ այս լարվածությամբ: Կառավարությունում աճում է կադրային խառնաշփոթը, և, ցավոք, տնտեսության մեջ իրական հաջողություններ չկան», — նշել է քաղաքագետը:

Կարանտինի խախտման պատճառով ԱԱԾ, ոստիկանության և ԶՈւ ԳՇ ղեկավարներին աշխատանքից հեռացնելը Լեպեխինը անվանել է ծայրահեղ միջոց: Նրա կարծիքով՝ որպես պատիժ, Փաշինյանը կարող էր սահմանափակվել նկատողությամբ կամ տուգանքով: «Երբ ընթանում է քաղաքական պայքար, օգտագործվում է ցանկացած պատճառ փոփոխություններ կատարելու համար», — ասել է նա։

Ըստ Լեպեհինի՝ կես տարի առաջ փորձագետները դրական են գնահատել ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունը, գովաբանել են Եվրասիական տնտեսական միության տնտեսական առավելությունների պատշաճ օգտագործման և Արժույթի միջազգային հիմնադրամի հետևից չընկնելու համար, ինչը թույլ է տվել Երևանին չմտնել վարկերի մեջ: Փորձագետը դժգոհել է, որ ՀՀ նախարարների կաբինետի ղեկավարի մոտ այժմ ին-որ բան այնպես չի գնում, նա չունի տնտեսական ծրագիր։

«Նոր օրակարգ չի մշակվել: Կորոնավիրուսով պայմանավորված՝ բացասական վեկտորը հասարակությանն էլ ավելի է նյարդայնացնում: Անորոշության այս իրավիճակը բնորոշ է շատ հետխորհրդային երկրների, մասնավորապես, Հայաստանի, քանի որ երկիրը շատ է կախված Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի հետ հարաբերություններից», — եզրափակել է Լեպեխինը: