ԵԿՄ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի վիճակը համեմատաբար կայուն է, եկել է գիտակցության։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին։

«Սկզբում շտապ օգնության մեկ բրիգադ է գնացել, որը եղել է ոչ այնքան պրոֆեսիոնալ, այնուհետեւ Էրեբունի բկ-ի շտապ օգնության անձնակազմն է մեկնել։ Ունեցել է սրտի զարկերի անկում մինչեւ 40-ի, եթե տեղափոխեին ադ պահին, ապա ճանապարհին կկորցնեինք Գրիգորյանին։ Տանը շտապ օգնության բրիգադները կարողացել են ծայրահեղ ծանր վիճակից կայունացնել ու տեղափոխել բժկական կենտրոն։ Այս պահին եկել է գիտակցության, հարաբերական կայուն է վիճակը, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- հայտնեց Անատոլի Գնունին։

Նշենք, որ երեկ՝ հունիսի 9-ին, Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, նա կորցրել էր գիտակցությունը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը դատարանի՝ հունվարի 15-ի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից: Այժմ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: Նա սեփական դիմումի համաձայն դուրս է գրվել հիվանդանոցից, գտնվում է իր տանը: