Հայաստանի Հանրապետությունում գործող պետական եւ մասնավոր կազմակերպություններում աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանվածության ներկայիս վիճակը տեղիք է տալիս լուրջ մտահոգությունների՝ կապված ՀՀ-ի կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման, ինչպես նաեւ ներպետական օրենսդրության թերի կարգավորումների հետ։

Այս մասին ՀՔԱՎ-ը նախկինում եւս ահազանգել է, ներկայացրել Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու, ոլորտը բարելավելու առաջարկներ։

Սակայն պետք է կրկին արձանագրենք, որ մեր արձանագրած խնդիրները դեռեւս լուծում չեն ստացել։ ՀՀ-ում գործող Տեսչական մարմինն ունի գործառութային սահմանափակում, ինչը հետընթաց է աշխատողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից՝ ստանձնած միջազգային պարտավորությունների համատեքստում։

ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանված արտակարգ դրության պայմաններում եւս արձանագրեցինք, որ աշխատանքային իրավունքների պաշտպանությունը բավականին ցածր մակարդակի վրա է։

Այս ամենը հաշվի առնելով՝ ՀՔԱՎ-ը լրամշակել է նախկինում ներկայացրած առաջարկները եւ դրանք ներկայացրել  ՀՀ Ազգային ժողով եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն։

Մասնավորապես առաջարկում ենք․

Գործող Տեսչական մարմնի լիազորությունները համապատասխանեցնել ՀՀ-ի կողմից վավերացրած ԱՄԿ կոնվենցիաների եւ Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի պահանջներին՝ Տեսչական մարմնի գործառույթներում ընդգրկելով  աշխատանքային օրվա տեւողության, աշխատավարձի, հանգստի, երեխաների աշխատանքին առնչվող դրույթների պահպանման նկատմամբ վերահսկողությունը։

Ընդունել ըստ ռիսկայնության տնտեսական գործունեության բոլոր տեսակների ստուգման համար անհրաժեշտ ստուգաթերթերը։

Ստեղծել իրավական մեխանիզմներ՝ աշխատավայրում առաջացած դժբախտ դեպքերի եւ մասնագիտական հիվանդությունների մասին գործատուների կողմից Տեսչական մարմնին տեղեկատվության պատշաճ տրամադրումն ապահովելու եւ չտրամադրելու դեպքում պատասխանատվության միջոցներ կիրառելու կապակցությամբ, մասնավորապես՝ «Աշխատանքային օրենսգրքի» 260-րդ հոդվածի 2-րդ մասը (Աշխատանքի վայրում աշխատողի մահվան դեպքում գործատուն պարտավոր է անհապաղ հայտնել ապահովագրողին, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը եւ աշխատանքի անվտանգության ապահովման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին) փոփոխել եւ լրացնել՝ սահմանելով գործատուի կողմից դժբախտ դեպքի եւ մասնագիտական հիվանդության մասին Տեսչական մարմնին անհապաղ հայտնելու պարտավորություն, իսկ չհայտնելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ կիրառելու հնարավորություն, համապատասխանաբար՝ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում կատարել փոփոխություն՝ 42.1 հոդվածում (ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի պաշտոնատար անձանց հանձնարարականները չկատարելը կամ առողջապահական տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների, ուսումնասիրությունների եւ վարչական վարույթի իրականացմանը խոչընդոտելը) սահմանելով գործատուի նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառումը` նշված տեղեկատվությունը չհայտնելու համար։

Ապահովել Տեսչական մարմնի կադրային եւ նյութատեխնիկական հագեցվածությունը։

Ամբողջական փաստաթուղթը՝ ԱՅՍՏԵՂ: