Այսօրվանից դադարեցնում եմ գործունեությունս «Հանրապետություն» կուսակցությունում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Այն, ինչ ունի սկիզբ՝ ունի նաեւ ավարտ:

Կուսակցական գործունեությունս ինձ տվել է մեծ փորձ, քաղաքական հստակ դիրքորոշում՝ պայքարել հանուն արդարության եւ սկզբունքների: Շնորհակալ եմ:

Ցանկացած հարաբերության մեջ գլխավորն ազնվությունն ու անկեղծություն է: Ցավոք, գտնում եմ, որ կուսակցական գործունեությանս այս փուլում ես ինձ սպառել եմ: Որոշել եմ դադարեցնել գործունեությունս «Հանրապետություն» կուսակցության կազմում եւ ճանապարհս շարունակել որպես անկախ քաղաքական գործիչ: Այսպես, միանշանակ, ազնիվ է:

Անտեսել սա՝ կնշանակի դավաճանել ինքս ինձ ու իմ արժեքները:

Ես գնում եմ առաջ, թերթում եմ կյանքիս կարեւորագույն, բայց այլեւս հին էջն ու բացում նոր քաղաքական էջ: Գործունեությամբս փորձելու եմ վերահաստատել՝ իմ նոր ու անկախ ուղին արդարացված է:

Շարունակելու եմ աշխատանքս Երեւանի ավագանու կազմում եւ, ինչպես միշտ, աշխատելու եմ հանուն Երեւանի ու երեւանցու:

Գործընկերներիս մաղթում եմ արդյունավետ ու անաչառ աշխատանք: