Ես համոզված եմ, որ դուք կկարողանաք ԱԱԾ պրոֆեսիոնալ, ազնիվ ներուժը համախմբել ձեր շուրջը եւ ԱԱԾ-ն նոր հաջողությունների, նոր փառքի եւ նոր իմիջի հասցնել, որը ընդունելի կլինի ՀՀ քաղաքացիների համար եւ ավելի համապատասխան կլինի նոր փոփոխություններին: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին ԱԱԾ-ում նոր տնօրեն Արգիշտի Քյարամյանին ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Եվ ուրախ եմ ներկայացնել ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանին. ուզում եմ ընդգծել, որ ԱԱԾ-ն ուժեղ, կայացած, դինամիկ կառույց է, բայց մենք պետք է արձանագրենք, որ մարտահրավերները եւ դրանց արձագանքելու տեմպը, արագությունը, որակը անընդհատ բարելավվելու, բարեփոխվելու, լավարկվելու կարիք ունեն եւ պարոն Քյարամյանի առաջ հենց այդ խնդիրն եմ դրել, որ ԱԱԾ-ն ավելի արդյունավետ կարողանա արձագանքելն այն մարտահրավերներին, որոնք մենք ունենում ենք անվտանգության ոլորտում:

Ընդ որում, անվտանգության նշանակությունը ժամանակի ընթացքում փոխվում, գալիս են նոր մարտահրավերներ՝ սպսած կորոնավիրուսից, շարունակած տեղեկատվական անվտանգության խնդիրներով, շարունակած քաղաքական անվտանգության խնդիրներով, կոռուպցիայի դեմ պայքարի, այդ գործերի քննության որակի հետ կապված հարցեր պետք է լուծենք:

Այս երկու տարին որ աշխատել ենք, բավարար ժամանակ է, որ ԱԱԾ բոլոր աշխատակիցները դիրքավորվեն թավշյա հեղափոխության եւ դրա արժեքների նկատմամբ: Եկել է ժամանակը ամփոփելու, թե տրված հնարավորությունը ով ինչպես է օգտագործել: Այս առումով պետք է հնչեն շատ կոնկրետ պատասխաններ»,-ասաց Փաշինյանը: Նա ընդգծեց, որ 2018-ին վարչապետի պաշտոնը ստանձնելով իր համար կարեւորագույն խնդիր է եղել հատկապես այնպիսի կառույցներում, ինչպիսին ԱԱԾ-ն է, ուժային մարմիններն են, ապահովել համակարգերի կայունությունը, չանել անկանոն գործողություններ եւ շարժումներ, ստեղծել հնարավորություններ, որ բոլորը, որոնք ունեն դրա մղումը, ադապտացվեն եւ դիրքավորվեն նոր իրողությունների նկատմամբ:

«Հիմա եկել է արդյունքներն ամփոփելու ժամանակը: Ինչպես ամբողջ պետական համակարգում, այնպես էլ ԱԱԾ-ում պետք է անշրջելիորեն գործեն աշխատանքային պաշտոնեական առաջխաղացման շատ հստակ սկզբունքներ: Դրա հիմքում պետք է դրվի աշխատանքը, պրոֆեսիոնալիզմը, նվիրվածությունը ԱԱԾ կանոնադարական խնդիրների լուծմանը եւ ՀՀ ազգային անվտանգության ապահովմ,անը բոլոր ոլորտներում:

Ցավոք սրտի, ինչպես պետական այլ մարմիններում, այստեղ էլ տեսնում ենք, որ կան շատ մարդիկ, որոնք գործում են այդ շահերին ու տրամաբանությանը հակառակ: Դա անելու համար երբեմն չարաշահում են գերատեսչական համերաշխությունը, որոնք շատ կարեւոր են ցանկացած կառույցի գործունեության համար:

Պետք է ապահովենք, որ գերատեսչական համերաշխությունը որեւէ մեկի համար չարաշահման առիթ չդառնա»,-ընդգծեց վարչապետը: