ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Ես սովորություն չունեմ հրապարակային կերպով շնորհավորել տարբեր միջազգային օրեր ու պաթոսախեղդ տեքստեր գրել։ Բայց այսօր՝ օրվա ավարտին ուզում եմ ընկերներիս շնորհակալություն հայտնել ու շնորհավորել ընկերության միջազգային օրը։ Հանգամանքների բերումով իմ շրջապատում միշտ բազմաթիվ մարդիկ են եղել, բայց «ընկեր» բառը վերաբերվել է եզակիների։ Ասվածը հատկապես արդիական է՝ երկու տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին։

Ինձ հաճախ էին հարցնում- Շատ ե՞ս հիասթափվել, շատ ե՞ս ընկեր կորցրել ու զարմանում էին, երբ ասում էի ոչ։ Ինձ երջանիկ եմ համարում, որ ընկերներս գնացող ու եկող չեն, կանգուն են, մշտական՝ անկախ ամեն ինչից։

Գումարած, որ ձեռք եմ բերել վստահելի մարդիկ, ովքեր կարծում եմ կհամալրեն ընկերներիս շարքը։

Ասում են՝ իսկական ընկերը նա է, ով կողքիդ է, երբ դու ճիշտ չես, քանզի երբ ճիշտ ես, շատերը կլինեն կողքիդ։ Դե… քանզի այդպես ապահով է, այդպես հեշտ է..
Հավելեմ Մաքիավելիի խոսքերը՝ «Հաղթողը շատ ընկերներ ունի, բայց միայն պարտվողինն են իսկական»։ Պարտություններ չեմ ունեցել, դժվարություններ՝ բավական, կողքիս անփոփոխ մարդիկ են եղել ու կան:
Ձեր կողքը ունեցեք այնպիսի մարդիկ, ովքեր ձեզ բացարձակ նույն կերպ կվերաբերվեն ու ձեր կողքին կլինեն անկախ նրանից՝ ուր եք կամ ինչպես եք ու ովքեր ամեն ինչ կանեն, որ դուք վստահ լինեք, որ ձեզ հետ միասին կամ անգամ ձեր փոխարեն ցանկացած խնդրի մասին մտածող կա»: