Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների մասին նոր որոշում է ստորագրել, գրում է Տեղեկատվական շտաբը։

Որոշմամբ սահմանվում է, որ դիմակ կրելը պարտադիր է փակ տարածքներում` բացառությամբ բնակելի տարածքից և հանրային սննդի օբյեկտներից (վերջին բացառությունը վերաբերում է միայն հաճախորդներին), թաղման միջոցառումների ժամանակ, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում:Պարետի ստորագրած մեկ այլ որոշում վերաբերում է հանրապետության տարածքում իրականացվող հակահամաճարակային աշխատանքներին:

Մասնավորապես, մայրաքաղաքում և շրջաններում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և հակահամաճարակային աշխատանքները համակարգելու նպատակով կկազմավորվեն հակահամաճարակային արագ արձագանքման խմբեր: Դրանց կազմավորման, ընդհանուր ղեկավարման և համակարգման գործառույթը վերապահված է շրջանների վարչակազմերի ղեկավարներին(Ստեփանակերտի դեպքում՝ քաղաքապետին) կամ վերջիններիս որոշմամբ՝ նրանց տեղակալներին կամ աշխատակազմերի ղեկավարներին: