Factor.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքի հետ կապված տեսանյութի հրապարակումից հետո ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ գնացել է Դավթյանի՝ Բագրևանդում գտնվող առանձնատուն, որտեղ անցկացվում էր հարսանիքը։

Կայքի տեղեկություններով՝ «Հրապարակ» օրաթերթի հրապարակած տեսանյութից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է պարետին գնալ և դադարեցնել միջոցառումը:

Հիշեցնենք, որ երկրում արտակարգ դրություն է, և բազմամարդ հավաքներ անցկացնել չի թույլատրվում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հարսանեկան արարողությանը մասնակցել են նաև բարձրաստիճան սպաներ:

Արդյո՞ք առաջիկայում, այս փաստով պայմանավորված, պաշտոնանկություններ կլինեն, դեռ հայտնի չէ։ Նշենք, սակայն, որ վերջերս Արարատի մարզի դպրոցներից մեկի ուսուցչուհուն Վերջին զանգի միջոցառում անցկացնելու համար ազատել էին աշխատանքից: