Հունիսի 6-ին բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ գանգուղեղային տրավմայով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 50-55 տարեկան մի տղամարդ։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին տղամարդն ի վիճակի չի եղել բացատրությունն տալու։ Նշանակվել են փորձաքննություններ, և ոստիկանության էրեբունու բաժնի ծառայողները սկսել են տեղի ունեցածի բացահայտման աշխատանքը։ Ճշտվել է հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։ Որոշ ժամանակ անց պարզ է դարձել, որ տղամարդը վնասվածքները ստացել է Սարի թաղի տներից մեկում վիճաբանության ընթացքում։

ճշտվել է նաև վիճաբանության մյուս մասնակցի ինքնությունը՝ Սարի թաղի 61-ամյա բնակիչ։ Նա նույն օրը, մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին, տվել խոստովանական բացատրություն և ձերբակալվել։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։