Անցած շաբաթ վերաքննիչ քրեական դատարանի կողմից Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը վերացնելուց հետո Մինասյանի փաստաբանական թիմը կանխատեսում էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող համակերպվել այդ իրավիճակի հետ, եւ օրերի ընթացքում Միքայել Մինասյանին կառաջադրվի նոր մեղադրանք. կանխատեսումը կարճ ժամանակում դարձավ իրականություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Միքայել Մինասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Հերթական անգամ Միքայել Մինասյանի քրեական գործով վարույթ իրականացնող մարմնի գործողությունների մասին մենք տեղեկանում ենք բացառապես Հանրային Հեռուստաընկերության լրատվական կայքի տարածած հաղորդագրությունների կամ Նիկոլ Փաշինյանի ելույթների միջոցով:

Անցած շաբաթ վերաքննիչ քրեական դատարանի կողմից Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը վերացնելուց հետո կանխատեսել էինք, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող համակերպվել այս իրավիճակի հետ, եւ օրերի ընթացքում Միքայել Մինասյանին կառաջադրվի նոր մեղադրանք՝ նույնքան անհիմն, սակայն ավելի հնչեղ: Կանխատեսումը կարճ ժամանակում դարձավ իրականություն:

Իսկ տարածված հաղորդագրության բովանդակության մասով կարող եմ ասել հետեւյալը՝ շուրջ երկու տարի Նիկոլ Փաշինյանի կողմից այդ նպատակով իրականացված «մեծածավալ քաղաքական հայտարարություններից», «Սպայկա» ընկերության միակ սեփականատիրոջը հայտնի նպատակներով կալանավորելուց, Միքայել Մինասյանին առաջադրված նախկին մեղադրանքը տապալվելուց եւ ՊԵԿ նախագահի փոփոխությունից հետո վերջապես հերթական անգամ «ապացուցվեց» Միքայել Մինասյանի «խոստացված առնչությունը» «Սպայկա» ընկերությանը:

Նույն եղանակով հնարավոր էր ապացուցել Միքայել Մինասյանի մեղավորությունը Րաֆֆու «Սամվել» վեպը գրելու մեջ»։