Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղի ամբուլատորիայի բուժքրոջ մոտ երեք օր առաջ կորոնավիրուս է հաստատվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լանջաղբյուրի գյուղապետ Յուրիկ Բաղդասարյանը։

«Հարսին է բերել Աստղիկ հիվանդանոց, կարծում է, որ այնտեղից է վարակվել։ Ջերմություն է ունեցել, ստուգվել է, վարակը հաստատվել է, հիմա երկկողմանի թոքաբորբով բուժվում է Մարաշում»,- ասաց համայնքապետը։

Մինչեւ վարակվելու մասին հասկանալը բուժքույրը այցելել է գյուղում երկու հիվանդի, այժմ թե նրանք, թե բուժքրոջ ընտանիքի անդամները ինքնամեկուսացվել են ։

«Ամսի երկուսին սիստեմա է միացրել երկու տուն, զգուշացրել ենք, որ տնից դուրս չգան»,- ասաց համայնքապետը։